21/10/2021 17:00
Իշխանությունն այս ընթացքն օգտագործելու է պատերազմի հետ կապված բազմաթիվ հանգամանքներ ու փաստեր ոչնչացնելու համար․ մարդկանց ահաբեկելով՝ թույլ չեն տալիս խոսել․ պատգամավոր
Պատերազմից հետո անցած մեկ տարին որոշ հարցերի պատասխաններ տվել է մեր վերլուծությունների կամ ուսումնասիրությունների արդյունքում, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Բայց պետք է փաստենք, որ կա մեծ ծավալի տեղեկատվություն, որին տիրապետում են միայն մի քանի անձինք, որոնք ներկայացնում են իշխանությունը և, որոնք քողարկում են այդ իրական տեղեկատվությունը, որը կարևոր է ՝ հասկանալու համար և՛ պատերազմի սկսման, և՛ պատերազմին պատշաճ չարձագանքելու, և՛ պատերազմը ժամանակին չկանգնեցնելու և՛ հետպատերազմյան ճգնաժամը որևէ ձևով չհաղթահարելու պատճառները»,- ասաց պատգամավորը։
Նա մտավախություն հայտնեց, որ իշխանությունը, պատասխանատվությունն իր վրայից այլոց վրա բարդելուն զուգահեռ, իշխանավարման այս ընթացքն օգտագործելու է պատերազմի հետ կապված բազմաթիվ հանգամանքներ ու փաստեր պարզապես ոչնչացնելու համար։
«Նկատելի է, որ իշխանությունը ոչ միայն տեղեկատվական, քաղաքական առումով է դրա համար անհրաժեշտ դաշտ նախապատրաստել, այլև կարողացել է ճնշումների միջոցով որոշ անձանց բերանները փակել, ահաբեկումների միջոցով ուղղակի թույլ չտալ, որ խոսեն»,- ընդգծեց պատգամավորը։
Նա ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա ևս․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ դրույթը՝ վերաբերող գերիների, ռազմագերիների հայրենադարձմանը, ի տարբերություն Ադրբեջանին հանձնվող տարածքների, ժամանակագրական որևէ ամրագրում չուներ։
«Այսինքն՝ ՀՀ իշխանությունները պատրաստ էին սահմանված կարճ ժամկետում հանձնել Քարվաճառի, Ակնայի, Քաշաթաղի շրջանները , բայց այդ հայտարարության մեջ մեզ համար որոշակի նպաստավորություն ներկայացնող մեկ-երկու դրույթների հետ կապված որոշակիություն այդպես էլ չմտցվեց, իշխանութունը որևէ քայլ չգործադրեց՝ մեզ համար գոնե որևէ ձևով տեսանելի ժամկետ սահմանելու ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։