21/10/2021 14:46
ԶՊՄԿ-ի գործարքով կոմբինատի բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրելը նվիրողի լուրջ մտադրությունների մասին է խոսում. Նախարար
Անձամբ հանդիպել եմ Ռոման Տրոցենկոյի հետ՝ սեպտեմբերի 20-ին Հայաստանում տեղի ունեցած հայ-ռուսական բիզնես-ֆորումի շրջանակում։ Մենք իրար հետ քննարկել ենք համագործակցությունը մետալուրգիական սեկտորում, պղնձաձուլարանի հետ կապված անելիքները։ Հիմա նախապատրաստվում ենք ճանապարհային քարտեզին, թե ով ինչ գործողություններ պետք է կատարի, որպեսզի մենք 2-3 տարվա ընթացքում արդեն ունենանք աշխատող պղնձաձուլարան։ Դա այս պահին Էկոնոմիկայի նախարարության ունեցած «վիժոնն» (պատկերացումը, տեսլականը-խմբ․) է, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբնատի» հետ կապված հայտնի գործարքից հետո Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու խոստման ու հնարավորությունների մասին։
Թեպետ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները դեռ չեն սկսվել, 2-3 տարվա ընթացքում աշխատող պղնձաձուլարան ունենալը առայժմ միայն Էկոնոմիկայի նախարարության պատկերացումներում է, Քերոբյանի խոսքով էլ՝ դեռ 100 տոկոսով որոշված չէ, թե ում է պատկանելու դեռ չկառուցված պղնձաձուլարանը և ով ինչ մասնակցություն պետք է ունենա այնտեղ, սակայն ԶՊՄԿ-ի գործարքով կոմբինատի բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրելը, ըստ նրա, նվիրողի լուրջ մտադրությունների մասին է խոսում։
«Ռոման Տրոցենկոն մեր այդ հանդիպման ընթացքում և Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ ինքը Հայաստանում իր գործունեությունը տեսնում է՝ պետության և կառավարության հետ գործընկերային միջավայրում, և այդ տեսանկյունից իրենց գործարքի մի մասը նվիրել է ՀՀ կառավարությանը, իրականում՝ Հայաստանի ժողովրդին, որպեսզի ցույց տա իր մտադրությունների լրջությունը», - վստահեցրեց Քերոբյանը։
Որքանո՞վ է այդ բաժնեմասը ժողովրդինը, եթե այն տնօրինում է վարչապետի աշխատակազմը և ունի՞ արդյոք այդ իրավունքը Փաշինյանի աշխատակազմը հարցին Էկոնոմիկայի նախարարը ևս պատասխանեց․ «Օրենսդրությունը թույլ է տալիս։ Մենք այդ հարցն ուսումնասիրել ենք, և վարչապետի աշխատակազմը դրա իրավունքն ունի»։
Վահան Քերոբյանը նաև կարծիք հայտնեց, որ «ժողովրդից թալանածը ժողովրդին վերադարձնելու» նախընտրական խոստումը ևս ակամայից կատարված է, բայց թե «թալան» իրականում եղե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեց․
«Կարևորը, որ փաստը (ԶՊՄԿ-ի գործարքը – խմբ․) տեղի է ունեցել։ Մենք շատ ենք աշխատում, որպեսզի մեր խոստումները կատարենք, և երբեմն այդ խոստումները կատարվում են առանց մեր անմիջական մասնակցության, որը, կարելի է համարել, թեթև բոնուս է մեր աշխատանքի համար»։
Ճի՞շտ են արդյոք լուրերը, որ ԶՊՄԿ-ն տնօրինելու է Տիգրան Ավինյանը, Վահան Քերոբյանը չգիտի, տեղեկություններ չունի։
ԶՊՄԿ-ի գործարքի «լրջության», ապագա ծրագրերի, բաժնետոմսերի տնօրինման մասին խոսելուց հետո Քերոբյանն ասաց, որ բանակցությունների և գործարքի մանրամասներին տեղյակ չէ։