21/10/2021 15:35
Օտարերկրյա ընկերությունների համար հեշտացվում են լիցենզավորման պայմանները
Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեության՝ վայրի պահանջ չնախատեսող տեսակներով զբաղվելու համար Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց կողմից տվյալ պետության կողմից տրված համապատասխան լիցենզիայի (կամ համարժեք թույլտվության) առկայության դեպքում ՀՀ-ում համապատասխան լիազոր մարմնին դիմելու և պարզեցված ընթացակարգով թույլտվություն ստանալու օրենսդրական կարգավորում սահմանելու անհրաժեշտությամբ: Նախատեսված է պարզեցված ընթացակարգով թույլտվության տրամադրում՝ առանց ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելով։
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, օրինագծի նպատակն է ավելի հասանելի և մատչելի դարձնել օտարերկրյա ընկերությունների մասնակցությունը ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեությանը. «Ուսումնասիրության արդյունքում 78-ից առանձնացրեցինք 13 գործունեության տեսակ, որոնց նկատմամբ կարող ենք առաջարկել լիցենզավորվելու ավելի հեշտ պայմաններ օտարկերյա ընկերություններին»: