21/10/2021 20:44
Ռեկո՞րդ, թե՞ հակառեկորդ. Գյուղատնտեսներն ահազանգում են կարտոֆիլի արտահանմանը հաջորդող խնդիրների մասին
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանն, ըստ որի Հայաստանը նոր ռեկորդ է սահմանել՝ 30 000 կարտոֆիլ արտահանելով երկրից։ Քերոբյանը չէր ժխտել, որ արտահանումն ազդել է ներքին շուկայում կարտոֆիլի գնի վրա։
Աշոտ Հարությունյանը նշել է, որ ձմռան ամիսներին ականատես ենք լինելու պարենային ապահովության խնդիրների՝ հենց կարտոֆիլի հետ կապված: Նրա խոսքով՝ այսօր արդեն հանրապետությունում այս ժամանակահատվածի համար գրանցվել են կարտոֆիլի ռեկորդային գներ՝ մեծածախ և մանրածախ շուկայում, սուպերմարկետներում,։ Իսկ Էկոնոմիկայի նախարարի նշած «ռեկորդի» առնչությամբ նա ասել է․
«Դա ինձ, որպես արտադրողի, չի ուրախացնում, որովհետև կարտոֆիլի այս տարվա բերքատվությունը միջինից ցածր է եղել: Երեկ Գեղարքունիքում հանդիպել եմ ֆերմերի, որը խայտառակ քանակությամբ բերք է ստացել երաշտի պատճառով: Էլ չեմ ասում՝ Շիրակի մարզում, որտեղ նաև ոռոգման ջրի խնդիրներն են ազդել բերքատվության վրա: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել. այս պահի դրությամբ կարտոֆիլի պահանջարկ կա ՌԴ-ում, որովհետև ոչ բարենպաստ պայմաններ են եղել կարտոֆիլի համար, և կարտոֆիլի մեծ քանակություն արտահանվել է ՌԴ՝ բավականին բարձր գին ունենալու պատճառով: Նշանակում է՝ հանրապետության ունեցած պակասը չգիտենք՝ ինչպես ենք լրացնելու»:
Գյուղատնտեսը հիշեցրել է՝ բերքատվության վրա ազդող գործոնները մի քանիսն են եղել՝ գարնանը կրճատված ցանքատարածքները, ջրի ոչ ճիշտ կառավարումը, երաշտը:
Ի դեպ, նրա տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հանրապետությունում կարտոֆիլի արտահանումը դադարել է. «Վրաստանից էին կարտոֆիլ արտահանում, բայց, իմ ունեցած տվյալներով, Վրաստանի կառավարությունը փակել է արտահանումը, որովհետև գիտի՝ խնդիր է ունենալու։ Հետևաբար, շուտով նորից ակտիվանալու է Հայաստանից արտահանումը»:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը նկատել է, որ խնդրահարույց իրավիճակը կձգվի մինչև գարուն. կլինեն տնկանյութի խնդիրներ. «Գինը բարձր է, իսկ պրակտիկան ցույց է տվել, որ մարդիկ նույնիսկ սերմացու-տնկանյութը պարենի տակ վաճառում են, որովհետև պարտքեր ունեն»:
Վահան Քերոբյանի հնչեցրած մյուս թվերին ևս նա թերահավատորեն է մոտեցել. «Թող բարի լինեն ուրախանալ ոչ թե արտահանված պտուղ-բանջարեղենով, որում իրենց լուման չկա (քանի որ տարիներ շարունակ այդ մարդիկ կազմակերպել են արտահանումը, ու չկա այնպիսի գործիքակազմ, որն այս տարի խրախուսել է դա. ընդամենը գների խնդիր է, իսկ դրսում պահանջարկ կա), այլ թող ասեն՝ հանրապետությունում աշնանացան ցորենի ցանքերի թիվը վտանգավորության աստիճանի է հասել. ի՞նչ են արել, անասնակերի խնդիրն ինչպե՞ս փակեցին, դաշտերում մկները վխտում են, խաղողի մշակումը, որը մեր գյուղատնտեսության ճյուղերից էր, տապալվեց… Թե չէ՝ մեկ մեքենա ավելի վարունգ է գնացել, չորս մեքենա պակաս՝ ծաղիկ, դա էական չէ. խնդիրները համակարգային են: Ուղղակի երկու-երեք թիվ լսում են, ուրախանում են…»:
Հիշեցնենք՝ նախարարը նշել էր, որ այս տարի շուրջ 180.000 տոննա թարմ գյուղմթերք է արտահանվել անցյալ տարիների՝ 145.000 և 142.000 տոննայի նկատմամբ: