21/10/2021 19:20
Գործող իշխանություններն իրենց նախընտրական խոստումներում ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագինը ոչ միայն պահպանելու, այլև նվազեցնելու մասին էին խոսում․ այժմ ականատեսն ենք հակառակ երևույթին․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ջրի սակագնի թանկացման խնդրին, հիշեցրել է, որ գործող իշխանություններն իրենց նախընտրական խոստումներում նշում էին ոչ միայն ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագինը պահպանելու, այլև նվազեցնելու մասին, իսկ այժմ ականատեսն ենք ճիշտ հակառակ երևույթին։
«Վերջին երեք տարիների ընթացքում վերանայվել են բնական գազի, էլեկտրաէներգիայի սակագները, և շուտով կփոխվի նաև ջրի սակագինը։ Հիշեցնեմ՝ 2020 թվականի հուլիսի 19-ից վերանայվեց գազի սակագինը խոշոր գազ սպառողների, ըստ էության, տնտեսվարողների համար մոտ 6 տոկոսի չափով, 2021 թվականի փետրվարի մեկից բիզնեսի համար բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը՝ 10 տոկոսով: Ըստ էության, շղթայական ռեակցիա է տեղի ունենում»,- ասել է տնտեսագետը։
Այս տեսանկյունից, ըստ նրա, կանխատեսելի էր նաև ջրի սակագնի վերանայումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրի սակագնի մեջ էլեկտրաէներգիայի մասնաբաժինը բավականին մեծ է, ինչպես նաև այն, որ «Վեոլիա ջուր»-ն այս տարիների ընթացքում իրականացրել է ներդրումային նախագծեր, և փորձելու էր այս կամ այն ձևով հետ բերել այդ ներդրումները:
Լրատվամիջոցը Սուրեն Պարսյանից հետաքրքրվել է, թե ինչ կոնկրետ հետևանքների է բախվում և բախվելու տնտեսությունն ու քաղաքացին
«Այս ամենը հանգեցնում է ոչ միայն սոցիալական խնդիրների, այլև լուրջ հարված է հասցնում բիզնեսին. բիզնեսը կորցնում է իր մրցունակությունը՝ հատկապես ԵԱՏՄ շրջանակներում: ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում սակագներն անհամեմատ ավելի ցածր են, և մեր ապրանքները դառնում են առավել թանկ և ոչ մրցունակ: Իսկ բնակչության դեպքում պետք է փաստենք, որ մարդկանց եկամուտները այս տարվա ընթացքում 11 տոկոսով չեն աճել. սակագների նման աճը պետք է համահունչ լինի մարդկանց եկամուտների աճին»,- նշել է տնտեսագետը։
Սուրեն Պարսյանի կարծիքով՝ այս իրավիճակը հնարավոր կլինի շտկել, եթե կառավարությունը և ՀԾԿՀ-ն կարողանան էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություններ գտնել։
«Նախատեսվում է, օրինակ, «Ռենկո» ընկերության նոր ՋԵԿ-ի մուտքը էներգետիկ համակարգ, ատոմակայանի վերաշահագործումը և այլն. եթե կարողանանք այս կամ այն ծրագրով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, հնարավորություն կունենանք նաև վերանայել ջրի սակագինը»,- ասել է նա։
Սակագնի նվազման մեկ այլ գործոն է, ըստ տնտեսագետի, ջրային կորուստները կրճատելը. ջրի կորուստները համակարգում կազմում են մոտ 75 տոկոս:
«Այսինքն՝ ՀԾԿՀ-ն տարիներ շարունակ աչք է փակում այս կորուստների վրա, չի պարտադրում կորուստները նվազեցնել՝ այն մտավախությամբ, որ եթե ընկերությունը կորուստների կրճատման ուղղությամբ ներդրումներ անի, հետո բերելու է, սակագնի մեջ դնի: Բայց մենք, ըստ էության, այժմ այդ կորուստների համար վճարում ենք և չենք պարտադրում՝ դրանք կրճատելու ուղղությամբ խիստ քայլեր իրականացնեն»,- ասել է նա: