22/10/2021 09:52
«Հրապարակ». Իշխանությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է հաջորդ ընտրությունների ուղղությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսում և Գյումրիում կրած ֆիասկոյից հետո իշխանությունը 24-ժամյա ռեժիմով աշխատում է հաջորդ ընտրությունների ուղղությամբ։ Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունում երեք անձ` Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը, ողջ օրը մարդկանց են ընդունում, զրուցում, հրահանգավորում, քննարկում անելիքները:
Տարօրինակ է, որ այս գործին ակտիվ մասնակցում է նաև որևէ կոնկրետ կարգավիճակ չունեցող նախկին փոխվարչապետը` Տիգրան Ավինյանը, որը տապալեց Սյունիքի ընտրությունները։ Նրանք ընդունում են պոտենցիալ թեկնածուներին, «հարցաքննում» նրանց և ճանապարհում՝ ասելով, որ կտեղեկացնեն՝ արդյո՞ք արժանացել են ՔՊ ցուցակով առաջադրվելու պատվին, թե՞ ոչ։
Ի դեպ, նախօրեին կառավարությունում է հյուրընկալվել նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, մինչև ուշ գիշեր մնացել է շենքում և դուրս է եկել բարձր տրամադրությամբ: Ենթադրվում է, որ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիա կազմելու և իշխանությունը նրանցից խլելու հարցը լուծված է, և Հարությունյանը շուտով քաղաքապետ կդառնա` անկախ ընտրությունների արդյունքներից»։