22/10/2021 09:54
«Ժողովուրդ». Նախկին պաշտոնյաները հրաժարվում են կարճել քրեական գործերը. ՀՔԾ-ն նոր խնդրի առջև է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաների կամ նրանց մտերիմների նկատմամբ հարուցված քրեական գործերով նախաքննական մարմիններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, և վերջիններս կանգնել են խնդրի առջև:
ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով Սեյրան Օհանյանին հրավիրել են ՀՔԾ և առաջարկ արել կարճել իր նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ պետք է ոչ թե կարճել, այլ արդարացնել իրեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Կարեն Մեջլումյանը հաստատեց այս տեղեկությունը:
Ի դեպ, սա միակ դեպքը չէ. մի շարք այլ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերով քննիչները կանչում են նրանց՝ առաջարկելով կարճել, ինչին էլ դեմ են լինում մարդիկ՝ պահանջելով արադարացում: Այս ամենի արդյունքում քրեական գործերը ո՛չ կարճվում են, ո՛չ էլ մեղադրյալներն են արդարացվում, ու քրեական գործերի ճակատագրերը մնում են օդից կախված»։