22/10/2021 18:50
«Արմենիա» միջազգային փառատոնի ընթացքում հնչում են նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես եկան դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը եւ դիրիժոր Ալան Չիրկոպը։ Ծրագրում հնչեցին Էդուարդ Հայրապետյանի Պոստլյուդը լարային նվագախմբի համար, «Կորուսյալ օդապարիկ» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար եւ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Դաշնամուրի թիվ 23 կոնցերտը։
ՌԴ ժողովրդական արտիստ, մեծ ճանաչում վայելող դաշնակահար, մանկավարժ Վլադիմիր Օվչիննիկովը, խոսելով հայաստանյան իր այցի եւ ելույթի մասին, ասում է՝ հայերը մշակութային ազգ են. «Ես հայազգի շատ ծանոթներ ունեմ ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Երեւանում։ Հայաստանում եղել եմ ոչ միայն որպես մենակատար, այլեւ որպես ժյուրիի անդամ, ունկնդրել եմ բազմաթիվ երիտասարդ երաժիշտների։ Երեկ նաեւ վարպետության դաս եմ անցկացրել պատանի երաժիշտների համար։ Ու պետք է ասեմ, որ շատ տաղանդավոր ժողովուրդ եք։ Նման հանդիսատես ունենալը պարտավորեցնում է լավագույնս հանդես գալ։ Երեւանում հանդիսատեսը շատ անկեղծ է, երաժշտության նրբին զգացողություններով։ Այնպես որ՝ շատ հաճելի է, որ շարունակում են ինձ հրավիրել ելույթ ունենալու Երեւանում, ու ես կարող եմ ինչ-որ բան տալ այս հրաշալի ունկնդրին»։ Դաշնակահարը նշում է, որ առաջին անգամ է ելույթ ունենում դիրիժոր Ալան Չիրկոպի ղեկավարությամբ, թեեւ վաղուց են ճանաչում միմյանց. «Պետք է ասեմ, որ Ալան Չիրկոպի հետ շատ հեշտ է աշխատել։ Մենք որեւէ տարաձայնություն չունենք երաժշտություն ներկայացնելիս։ Նույն ընկալումներն ունենք»։
Խոսելով «Արմենիա» միջազգային փառատոնի կազմակերպիչներից Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի մասին, դաշնակահարը նշեց, որ հիմնադրամի գործունեությանը եւ նրա նախագահ Կոնստանտին Իշխանովի հետ վաղուց է ծանոթ։ Ըստ երաժշտի՝ մշակութային կյանքում իր ուրույն դեմքն ունեցող այս հիմնադրամը հսկայական աշխատանք է կատարում երաժշտության, երաժիշտների համար։
Անվանի դիրիժոր Ալան Չիրկոպն ընդգծեց, որ փառատոնը հնարավորություն է տալիս Հայաստանում ելույթ ունենալու մեծանուն երաժիշտների, ներկայացնելու բազմազան ծրագրեր։ Նա առանձնացրեց այն փաստը, որ փառատոնի շրջանակում ներկայացվում է նաեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների արվեստը։
Առաջիկա օրերին նույնպես «Արմենիա» միջազգային փառատոնը ունկնդրին հնարավորություն կտա վայելելու մեծանուն երաժիշտների՝ ջութակահար Գիլ Շահամի, թավջութակահար Սթիվեն Իսերլիսի, դաշնակահար Միխայիլ Պլետնյովի կատարումները։ Վերջիններս հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը նույնպես «Արմենիա» փառատոնի կազմակերպիչներից է։