22/10/2021 19:50
ՌԴ-ն զորավարժությունները կօգտագործի իր շահերի համար, թշնամիներն ինչ-որ մեսիջներ կստանան, բայց թե ինչ օգուտ կքաղի Հայաստանը, դժվարանում եմ ասել. Թևան Պողոսյան
Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ հայ-ռուսական զորավարժություններն իրենց մեջ որոշակի ուղերձներ են պարունակում։ Դրանցիցի մեկն այն է, որ երկու երկրներն ունեն կարմիր գծեր, որոնք աշխատում են պահպանել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Այսօրվա դրությամբ դժվար է ասել՝ որոնք են այդ գծերը, որովհետև դրանց մասին պատկերացում կարող ենք կազմել պետական մակարդակով բանակցություններից հետո։ Երեկ, օրինակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասում էր, որ միայն իրենք կարող են նպաստել սահմանների սահմանազատմանը-սահմանագծմանը»,- հիշեցրեցՊողոսյանը։
Քաղաքագետը հիշեցրեց՝ մեկնարկած հայ-ռուսական համատեղ զորավարժություններն առաջինը չեն, սակայն մեծ հարց է, թե որքան պիտանի են եղել դրանք հայկական կողմի համար։
«Ցանկացած զորավարժություն, քաղաքական մեսիջներից բացի,ունենում է նաև մասնագիտական նշանակություն՝ Զինված ուժերի պատրաստականություն և մասնագիտական կարողությունների զարգացում։ Իհարկե, կարող ենք զորավարժություններ անել, բայց թե ինչպես ենք դրանց ուժն օգտագործելու, ինչպես ենք կարողանալու առաջ տանել մեր շահերը, բոլորովին այլ խնդիր է։ Կարծում եմ՝ կլինեն զորավարժություններ, որոնք Ռուսաստանը կօգտագործի իր շահերի համար, թշնամիներն ինչ-որ մեսիջներ կստանան, բայց թե ինչ օգուտ կքաղենք մենք, դժվարանում եմ ասել», - շեշտեց Թևան Պողոսյանը։