22/10/2021 17:03
Շատ ավելի նպատակահարմար կլիներ, եթե հայ-ռուսական մարտավարական զորավարժությունները մեկնարկեին ավելի վաղ. քաղաքագետ
Շատ ավելի նպատակահարմար կլիներ, եթե հայ-ռուսական մարտավարական զորավարժությունները մեկնարկեին ավելի վաղ, եթե, իհարկե, մենք ցանկանում էինք հակառակորդին համապատասխան ուղերձ փոխանցել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Անդրադառնալով հայ-ռուսական զորավարժությունների համարժեքությանը վերջերս տեղի ունեցած ադրբեջանա-թուրքական զորավարժություններին՝ մեր զրուցակիցը դժվարացավ դրանք նույնականացնել կամ համեմատել։
«Համոզված եմ, որ դրանք համարժեք չեն։ Նախ՝ թուրքերն ու ադրբեջանցիները ոչ ֆորմալ առումով սկիզբ են դրել դաշնային պետությանը։ Երկրորդ, նրանք նույն՝ թյուրքական էթնոսն են և հետևողականորեն տանում են «մեկ ազգ՝ երկու պետություն» մոտեցումը և նույնական շահեր ունեն։
Նույնը չենք կարող ասել հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Իհարկե, այստեղ ևս բավական մեծ թվով շահերի համընկնումներ կան, սակայն մենք նույն էթնոսը չենք և ամբողջութամբ նույն շահերը չունենք։ Թեպետ այս պահին Հայաստանի Հանրապետությունն առհասարակ չի գիտակցում և չի ուզում հասկանալ՝ ինչ շահեր ունի», - ասաց Սուրեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միավորված ուժերի մարտավարական զորավարժությունները, որին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը և Հայաստանի զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի զորամիավորումները․ ներգրավված են նաև ուժեղացված ստորաբաժանումներ։