25/10/2021 19:40
7 տոկոսանոց տնտեսական աճի պոտենցիալ, գոնե այս պահին, չի երևում. Տնտեսագետ
Միջազգային տարբեր կառույցների կանխատեսումներով՝ 2022 թվականին ՀՀ տնտեսական աճը կկազմի ոչ թե 7, այլ մոտավորապես 4 տոկոս։ Ես ևս այդ թիվն ավելի հավանական եմ համարում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ 7 տոկոսանոց տնտեսական աճի վերաբերյալ այսօր հնչեցրած հայտարարությանը։
«Իհարկե, քանի դեռ տարին չի սկսվել, չի կարելի հստակ պնդումներ անել։ Գուցե 7 տոկոսանոց աճ իսկապես գրանցվի, բայց, համենայնդեպս, այս պահին այդ պոտենցիալը չի երևում»,- ասաց տնտեսագետը։
Հրանտ Միքայելյանը միաժամանակ նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը նման լավատեսական կանխատեսում հնչեցնելով՝ ԶԼՄ-ներով դրական հույզերի տարածման ֆոն է ապահովում, և արդեն 2023 թվականի փետրվարին, երբ կամփոփվեն նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները, քչերը կհիշեն, որ ՀՀ վարչապետի` 2021 թվականի հոկտեմբերին տված խոստումն իրականություն չի դարձել։