26/10/2021 10:58
Ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ. դա հակաքրիստոնեական է. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահ է, որ կրճատելով ամանորյա ոչ աշխատանքային օրերը, մարդկանց մեծ մասը տոներին կմնա Հայաստանում ու չի մեկնի արտերկիր:
«Մենք բերել ենք տնտեսական հիմնավորումները, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս գործողության արդյունքում ամբողջ ՀՆԱ-ն, այդ թվում, առևտուրը, էապես կաճեն», - նշեց նա:
Քերոբյանի խոսքով՝ իրենց մոտեցումն է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել:
«Ես հավատացնում եմ՝ բոլոր հաշվարկները արել ենք՝ հյուրանոցներն էլ, ռեստորաններն էլ ավելի շատ են աշխատելու գումար այդ օրերին», - ասաց նախարարը:
Նա նշեց, թե հիմա ամանորի վեց-յոթ օրվա ընթացքում զբաղվում ենք որկրամոլությամբ ու դա հակաքրիստոնեական է:
«Մենք ավելի շատ լուծում ենք մշակութային ու կրոնական հարցեր», - վստահեցրեց նախարարը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե իրեն խնդրել են բարձրացնել մեկ հարց՝ ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց:
Քերոբյանն էլ արձագանքեց՝ իր մտքով է անցել:
«Բայց պարզվում է՝ նաև ձեր գործընկերների մտքով է վաղուց դա անցել, այս նախագիծը դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է փորձել անցկացնել, ինչ-որ պատճառներով չի ստացվել», - ասաց Էկոնոմիկայի նախարարը: