26/10/2021 20:11
Պետական պարտքի ավելացման հարցում կարևոր է հասկանալ, թե որքանով նպատակային են միջոցներն օգտագործվում. Թաթուլ Մանասերյան
Հայաստանի պետական պարտքի ավելացման գործընթացում թվերը կարևոր են, բայց ավելի կարևոր է արտաքին փոխառությունների արդյունավետ օգտագործումը և կառավարության կողմից հաշվետվողականությունը, ինչն այսօր բացակայում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով փաստին, որ Հայաստանի պետական պարտքը ավելացել է՝ հատելով 9 մլրդ դոլարի շեմը։
Նրա խոսքով՝ խորհրդարանը պետք է նախ հաստատի փոխառությունների նպատակահարմարությունը,վերահսկողություն սահմանի և գումարների օգտագործման վերաբերյալ պարբերաբար հաշվետվոթյուններ պահանջի։
«Արդյունավետությունը կաղում է։ Կարևոր է հասկանալ, թե որքանով նպատակային են միջոցներն օգտագործվում։ «Հայաստան» համահայկական հինադրամի միջոցների՝ մեղմ ասած ոչ նպատակային օգտագործումը վառ օրինակ է, թե ինչպես ներկայիս կառավարությունը կարող է տնօրինել որևէ աղբյուրից որևէ նպատակի համար փոխառնված միջոցները»,- ասաց Մանասերյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 9 մլրդ 31 մլն դոլար կամ 4 տրիլիոն 369 մլրդ դրամ։ Այն, նախորդ ամսվա օգոստոսի համեմատ, աճել է 86 մլն դոլարով, իսկ 1 տարվա կտրվածքով՝ 1 մլրդ 184 մլն դոլարով։