26/10/2021 17:10
Ոչ մի հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է, դա իրականացվել է բանավոր պայմանավորվածությամբ․ Սեյրան Օհանյան
Սահմանային և անվտանգային հարցերի շուրջ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած փակ նիստի ավարտին Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնեց, որ այն հարցերի պատասխանները, որոնց հասցեատերերն իրականում գերատեսչությունների առաջին դեմքերն են՝ տիրապետող իրավիճակի քաղաքական, ռազմավարական, ռազմաքաղաքական և իրավական հենքերին, ընդդիմությունն, ըստ էության, չստացավ, քանի որ պաշտոնյաները նիստին չէին մասնակցում, ուստի հասկանալի չէ, թե պատերազմից հետո արվե՞լ է արդյոք անվտանգային միջավայրի ամբողջական գնահատում, ռազմավարական վերանայում, հստակեցվե՞լ են արդյոք ՀՀ կողմից ձեռնարկվող միջոցառումները։
«Երկրորդ եզրակացությունն այս քննարկումից այն է, որ որևիցե հենք չի եղել, որպեսզի հայկական զորքերը՝ լինի դա ՊՆ-ն, թե սահմանապահ ստորաբաժանումները, հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է ․ հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։ Մեր եզրակացությունը մեկն է ․ այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով՝ ՀՀ իշխանությունների կողմից։ Թե ում կողմից հստակ, թող իրենք գնահատեն ու մեր հանրությանը ներկայացնեն»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Ընդդիմությունը մեկ այլ եզրահանգում էլ է արել․ պատերազմից հետո ժամանակին որոշում չի ընդունվել զբաղեցնել ռազմավարական կարևոր կետերը՝ թեկուզ չհաստատված, բայց այն շփման գծում, որը ԽՍՀՄ տարիներին եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Այսինքն, պետք է արագ մոբիլիզացիա արվեր, պետք է որոշումներ ընդունվեին ․ այդ որոշումներն ընդունելու ժամանակը 1-2 ժամ է, իսկ ամենակարևոր կետերում դիրքերը կահավորելու ժամանակահատվածը մի քանի օր է։ Տեղի բնակչության օգնությամբ, իսկ նրանք կազմավորել են ջոկատներ և առաջարկել են իրենց օգնությունը, ավելի արագ կկահավորվեր։ Կատարվել է հակառակը։ Օրինակ, Սյունիքի մարզում ՏԻՄ-երից, համայնքներից եղել են ստորաբաժանումներ, որոնց ցուցում են տվել հետ քաշվել այն դիրքերից, որոնք իրենք զբաղեցնում էին»,- ընդգծեց Պաշտպանության նախկին նախարարը։
Սեյրան Օհանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանում, փաստացի, առանց իրավական հենքի և նախադրյալի, առանց հրամանի, միայն Ադրբեջանի պարտադրմամբ, սահմանագծում է տեղի ունենում։