26/10/2021 09:47
«Ժողովուրդ». ՀՀ-ն որևէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող
«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսային համավարակի ահագնացող թվերով պայմանավորված՝ Առողջապահության ու ԿԳՄՍ նախարարությունները որոշել են ուսումնական հաստատություններում հեռավար կրթության ու արձակուրդային ռեժիմի անցնել: Սրան զուգահեռ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ սահմանել է՝ կառավարությունը որևէ դեպքում ընդհանուր ու մեծ սահմանափակումներ սահմանելու ճանապարհով չի գնալու։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սոցիալ-տնտեսական գերատեսչությունների ղեկավարների ու իր թիմակիցների հետ զրույցներում վստահեցրել է, որ ՀՀ-ն որևէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող։ Դա, ըստ երևույթին, առաջին հերթին սոցիալական խնդիրներով է պայմանավորված, որ կարող են առաջ գալ, եթե փակվեն, օրինակ, ռեստորանները, սրճարանները, ժամանցի ու հասարակական նշանակության վայրերը:
Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկել էր դպրոցներում աշնանային արձակուրդը երկարաձգել ևս 1 շաբաթով, իսկ բուհերում՝ հեռավար կթության անցնել։ Ի՞նչ է ստացվում. մի կողմից՝ առողջապահության նախարարը ահագնացող թվեր է հրապարակում ու զգուշացնում, որ մահճակալային ֆոնդը սպառվում է, մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում է, որ որևէ սահմանափակում չի լինելու։
Այսինքն՝ անկախ հանգամանքից, թե Covid-ից քանի մարդ կմահանա, հայրենի իշխանությունը հակահամաճարակային քայլեր անել չի պատրաստվում։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում, օրինակ, քրոնիկ հիվանդություն ունեցող ու տարեց քաղաքացիների համար կառավարությունը տնային ռեժիմ է սահմանել»։