27/10/2021 17:15
Հնարավոր հանդիպումների արդյունքում, գուցե, լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում. ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին (Տեսանյութ)
Այս պահին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Միևնույն ժամանակ, և այս պահին և, ընդհանրապես, պարբերաբար, գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ ու, ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում, գուցե, լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում», - ասաց նա:
Արարատ Միրզոյանը նշեց, թե փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ այնուամենայնիվ, նման հանդիպումները Հայաստանի համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն:
«Եվս մեկ անգամ հնարավորություն կարող են ստեղծել հասցեագրելու հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների թնջուկը ու, առաջին հերթին, գերիների շուտափույթ ազատ արձակումը, նաև՝ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում Հայաստանի մշակութային ժառանգության հուշարձանների հարցն ու բազմաթիվ այլ հարցեր», - ասաց նա:
Նախարարի խոսքով՝ այդ հանդիպումները հնարավորություն են նաև՝ թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում ու փորձելու ջանքեր գործադրել՝ ավելի երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ:
Միրզոյանը նշեց, թե բանակցությունները որոշակի գաղտնիության կոմպոնենետ են պարունակում:
«Բայց ես ուզում եմ այսօրվա, երեկվա ու վաղվա համար վստահեցնել՝ բոլոր փակ դռների հետևում բանակցություններում մեր դիրքորոշումները 100 տոկոսով համապատասխանում են մեր քաղաքական թիմի, ՀՀ վարչապետի կողմից հրապարակային հայտնած դիրքորոշումներին՝ որևէ միլիմետր չենք նահանջում», - ասաց նա: