27/10/2021 17:39
ՊՆ-ն այն կազմակերպությունը չէ, որ ինչ ուզեք հարցնեք, մենք էլ ինչ ուզենք պատասխանենք․ Արշակ Կարապետյանը՝ զորքերը հետ քաշելու մասին (Տեսանյութ)
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՊՆ-ին գրավոր հարցում է ուղղել՝ բաղկացած մի քանի հարցից, որոնցից մեկը վերաբերում է նրան, թե արդյոք 2020 թվականի դեկտեմբերի 17-18-ին և դրան հաջորդող օրերին ԶՈՒ ստորաբաժանումների և կամավորական խմբերի հետքաշման հրաման տրվե՞լ է․ եթե տրվել է, ապա ո՞ւմ կողմից։ ՊՆ-ից մեկ ամիս անց պատգամավորին պատասխանել են, որ բարձրացված հարցերն իրենց իրավասությունից ու լիազորություններից դուրս են։
«Հիմա ու՞մ ուղղեմ հարցս՝ ԿԳՄՍ երկար անուն ունեցող նախարարությա՞նը, թե՞ Առողջապահության նախարարությանը, կառավարությո՛ւն», - ասաց պատգամավորը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ի պատասխան նրան հորդորեց հարցը գրավոր ուղղել կառավարությանը․ պատգամավորին կառավարությունից կհուշեն՝ ում ուղղել այն։
ԱԺ նախագահի և Գեղամ Մանուկյանի երկխոսությանը միջամտեց հենց Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Նա հայտարարեց, որ Գեղամ Նազարյանն այդ հարցը կարող է ուղղել հենց իրենց ձևավորած խորհրդարանական հանձնաժողովին։
«Դուք ոնց որ թե ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով եք ստեղծել։ Այդ հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի, և դուք այդ պատասխանները, կարծում եմ, պետք է որ ակնկալեք ու ստանաք ձեր իսկ կողմից ստեղծված հանձնաժողովից։ Կարծում եմ, որ եթե դուք նորից մեզ գրեք, նույն պատասխանը նորից մեզանից ստանալու եք», - ասաց նա։
Պատգամավորի դիտարկմանը, որ եթե խոսքը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի մասին է, ապա այն դեռ չի ստեղծվել, իսկ իրենց գործընկեր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը փաստում է, որ դեկտեմբերին Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է բանավոր հրահանգել զորքերը դիրքերից հետ քաշել, Պաշտպանության գործող նախարարն արձագանքեց․
«Կրկնում եմ, որ դուք ունեք հնարավորություններ՝ ստեղծել բազմաթիվ հանձնաժողովներ և ստեղծել եք։ խնդրում եմ՝ այդ հարցն ինքներդ ձեզ ուղղեք։ ՊՆ-ն էլ այն կազմակերպությունը չէ, որ Դուք ինչ ուզեք հարցնեք, մենք էլ ինչ ուզենք պատասխանենք։ Մենք եթե պատասխանում ենք, պարտավոր ենք հիմնովին պատասխանել։ Իսկ դուք մեր լիազորություններից արդեն տարել եք այդ պատասխանը», - ասաց Արշակ Կարապետյանը։