27/10/2021 14:36
Հայաստանը նման լուրջ պրոցեսից շահած դուրս գալու հնարավորություն չունի․ սահմանազատումն ինչ-որ փուլում պետք է լինի, բայց չպետք է շտապենք. Աբրահամյան (Տեսանյութ)
Հայաստանը հետպատերազմյան այսպիսի ծանր ժամանակահատվածում նման լուրջ պրոցեսի մեջ մտնելու և շահած դուրս գալու հնարավորություն չունի։ Սահմանազատման գործընթացն ինչ-որ փուլում պետք է լինի, բայց այս հարցում չպետք է լինի շտապողականություն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Գործող իշխանությունը, պատգամավորի խոսքով, սահմանազատման գործընթացում որպես հիմք է ընդունում խորհրդային քարտեզներն ու անընդհատ հղում է անում դրանց, այնինչ սովետական ժամանակաշրջանում տեղի ունեցած վարչական փոփոխությունները միջազգային իրավունքի առումով պարտադիր չեն մեզ համար։
«Սովետական ժամանակաշրջանում Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող այդ փոփոխությունները եղել են Հայաստանի, Ադրբեջանի և Խորհրդային միության սահմանադրության խախտումներով։ Սրանից բացի, մենք գտնում ենք, որ ի սկզբանե հայտարարելը սովետական քարտեզներով առաջնորդվելու մասին, նեղացնում է մեր բանակցային հնարավորությունները։ Մենք ասում ենք նաև հետևյալը. որպես բանակցությունների նյութ՝ քարտեզները կարելի է հաշվի առնել, բայց ամբողջության մեջ միայն այդ քարտեզների վրա հիմնվելը չի բխում ՀՀ և Արցախի շահերից», - շեշտեց պատգամավորը։
Նա հավելեց, որ սահմանազատման գործընթացը ենթադրում է բանակցությունների ծանր փուլ՝ ընդգրկող երկար տարիներ, ինչպես նաև հայկական կողմի համար շահեկան գործիքակազմի առկայություն, այնինչ գործող իշխանությունը դրա հնարավորությունը չի ստեղծել։
«Իշխանությունը, ի սկզբանե հայտարարելով «ադրբեջանական անկլավների» մասին, տարբեր բնակավայրերին ադրբեջանական տեղանուններ տալով, նեղացրել է մեր բանակցային հնարավորությունները և մեկնարկային փուլում Հայաստանին բավականին վատ դրության մեջ է գցել», - ասաց Աբրահամյանը։
Նա ընդգծեց՝ դելիմիտացիայի գործընթացը նաև մասնագիտական խորը քննարկումներ է ենթադրում, ինչը ևս չի իրականացվել։