28/10/2021 17:50
Թուրքիան և Ադրբեջանը, հայտարարելով, որ հիմք են դրել «Զանգեզուրի միջանցքով» նոր մայրուղուն, հոգեբանական ճնշում են բանեցնում հայկական կողմի վրա. Գրիգորի Այվազյան
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, հայտարարելով, որ հիմք են դրել «Զանգեզուրի միջանցքով» Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ մայրուղուն, հոգեբանական ճնշում են բանեցնում հայկական կողմի վրա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
Ինչ վերաբերում է «միջանցք» չբացելու համար Հայաստանի վրա միջազգային հնարավոր ճնշումներին, ապա, ադրբեջանագետի խոսքով, դրանք քիչ հավանական են։
«Որքան էլ վերջին ժամանակներս հայտարարվի, որ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է բացվում, Ադրբեջանի ղեկավարն, ի պատասխան այդ հայտարարությունների, դեռ մատ է թափ տալիս և ռազմական ենթակառուցվածքները տեղափոխում հայկական սահմանին մոտ։
Ռուսաստանի նախագահն իր հերթին հայտարարում է, որ իրենք պատրաստ են ապահովվելու ենթակառուցվածքների անվտանգությունը։ Այնպես որ, ինչ-որ կողմից դժվար թե Հայաստանի վրա ճնշումներ գործադրվեն», - ասաց Գրիգորի Այվազյանը։