28/10/2021 11:23
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը ծայրահեղ լարված է. լոքդաուն չի լինի, բայց խստացումներ են լինելու. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է:
Նա Առողջապահության նախարարին խնդրեց ներկայացնել վերջին տվյալները:
Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ երեկ իրականացվել է 15 հազար 818 թեստավորում, որից դրական է հաստատվել 2307-ը, արձանագրվել է 38 մահ:
Նախարարի խոսքով՝ այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին:
«3050 մահճակալ այս պահին զբաղված է, ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 307-ը, թոքային օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի», - նշեց Ավանեսյանը:
Նա ասաց, թե այս պահին 122 հղի կին հոսպիտալացված է, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ ու թթվածնային կախյալ են:
Նախարարն ընդգծեց, որ այս պահին դրական ակտիվ դեպքերի 30 հազար 433 քաղաքացու շրջանում պատվաստված է 1702-ը:
«Հոսպիտալացված 3100 քաղաքացու շրջանում պատվաստվածների թիվը 96 է: Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ ունենք 5 հոգի, ովքեր պատվաստված են», - հայտնեց առողջապահության նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե չպետք է գնալ լոքդաուների, այլ պետք է խստացնել դիմակների կրման գործընթացը:
«Չի բացառվում, որ նոր որոշումներ կայացնենք ու չի բառացվում, որ բաց տարածքներում պարտադիր դառնա դիմակ կրելը», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութ կա:
Փաշինյանի խոսքով՝ իր 14-ամյա դուստրը վերջերս վարակվել է կորոնավիրուսով ու այդ մասին իմացել են բավականին ուշ:
«Մեր ընտանիքի անդամներից ոչ մեկը չվարակվեց, բայց կարող էինք վարակվել, բայց մեր ընտանիքի այն անդամները, որոնք պատվաստված էին, չվարակվեցին, մենք մեր օրինակով տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը», - հայտարարեց Փաշինյանը: