28/10/2021 18:20
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որ ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ ու առաջատար դիրք է պահպանում բանկային շուկայում. Արտակ Հանեսյան (Տեսանյութ)
Միջնաժամկետ ռազմավարության ներքո Ամերիաբանկը մի քանի թիրախային նպատակներ ունի. դրանք են՝ առաջատար դիրքերի պահպանում ՀՀ բանկային շուկայում, հաճախորդների բարձր որակի սպասարկման ապահովում և մշտապես բարելավում, պորտֆելների դիվերսիֆիկացիա, 2021 թվականի առաջին եռամսյակն ամփոփելիս ասաց Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
«Այդ նպատակին հասնելու համար որդեգրել ենք թվային տրանսֆորմացիայի գաղափարը, մշտապես ձգտում ենք պահպանել և ամրապնդել առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում։ 9 ամսվա տվյալներով մենք առաջինն ենք գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով», - ասաց Հանեսյանը։
Թվային տվյալները ներկայացնելով, Ամերիաբանկի գլխավոր տնօրենն ասաց, որ բանկի ակտիվները կազմել են 1 տրիլիոն 79 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝660 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 672 մլրդ դրամ։
Բանկի կապիտալի եկամտաբերությունը կազմել է 16,6 %, որով բանկը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը բանկային համակարգում։
Ինչ վերաբերում է կանխատեսումներին, Արտակ Հանեսյանն ասաց, որ իրենք իրենց պլանավորած ցուցանիշները գերակատարելու են և պահպանելու են առաջատար դիրքերը բանկային համակարգում։
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որ ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում առցանց եղանակով (ՓՄՁ վարկավորում, սպառողական վարկեր, ավտովարկ, հիփոթեքային վարկեր)։
Գործող «Սմարթ հաշիվ» ծառայության միջոցով հաճախորդներին հնարավորություն է տրվում օնլայն հաշիվ բացելու։
Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը հայտնեց, որ բանկի թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձ հաճախորդները հնարավորություն ունեն առցանց 24/7 ռեժիմում հաշիվներ բացել, քարտեր պատվիրել։
«Այս տարվա ընթացքում մոտ 10 հազար հաճախորդ առցանց հաշիվներ է բացել, ավելի քան 15 հազար հաճախորդներ առցանց քարտեր են ստացել: Համեմատաբար փոքր վարկերի համար վարկավորման գործընթացը կարելի է կազմակերպել օնլայն հարթակում։ 15 հազար վարկ ենք տրամադրել առցանց հարթակների միջոցով։ Ծրագիրն ընդլայնվելու է», - տեղեկացրեց Արման Բարսեղյանը։
Անդրադառնալով հիփոթեքային հարթակին (estate.ameribank.am), Արման Բարսեղյանն ասաց, որ այստեղ շուրջ 40 կառուցապատողների նախագծեր են ներառված.
«Հաճախորդները տվյալ հարթակում ոչ միայն ֆինանսական ծառայություններ են ստանում, այլ հնարավորություն ունեն համեմատելու տարբեր կառուցապատողների առկա գույքերի վաճառքների առաջարկները»։
Ամերիաբանկը ստեղծել է նաև automarket.ameriabank.am միասնական հարթակը, որտեղ ավտոմեքենաների դիլերների մոտ 30 մակնիշի 130 մոդելներ են ներկայացված։
Բացի թվարկված հարթակներից՝ Բանկը ստեղծել է նաև www.liooli.am հարթակը, որտեղ ներկայացված է հայ արտադրողների ապրանքատեսականին։