28/10/2021 18:10
Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում ձեռնտու է արցախահայությանը. Հայաստանն այսօր չի կարող լինել անվտանգության երաշխավոր. Քաղաքագետ
Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում միանշանակ ձեռնտու է արցախահայությանը, որովհետև Հայաստանն այսօր չի կարող լինել Արցախի անվտնագության երաշխավորը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
«Այդ երաշխիքն իր վրա է վերցրել Ռուսաստանը, և անվտանգության ու գոյատևման առումով երաշխավոր է հանդիսանում այդ երկիրը։ Եթե Հայաստանը կարողանար ինքնուրույն ապահովել Արցախի անվտանգությունը, դա բոլորովին այլ բան կլիներ։ Սակայն այժմ ՀՀ զինած ուժերը խնդիր ունեն ապահովելու Հայաստանի անվտանգությունը, ինչ մնաց՝ Արցախի», - նշեց քաղաքագետը։
Հարցին՝ ի՞նչ պետք է սպասել Արցախում ռուսական խաղաղպահ մանդատի ավարտից հետո, Քեռյանը դժվարացավ հստակ պատասխան հնչեցնել՝ նշելով, որ մինչև դա աշխարհաքաղաքական նորանոր զարգացումներ կարող են տեղի ունենալ։
«Կարծում եմ՝ նման կանխատեսում անելն այս պահին ճիշտ չէ. իրավիճակը շատ արագ է փոխվում, համաշխարհային ուժային կենտրոնների միջև նոր վերադասավորումներ են տեղի ունենում։ Ամեն ինչ կախված է Ռուսաստանի ապագա կարգավիճակից», - ասաց Գարիկ Քեռյանը։
Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղար Արեն Գրիգորյանն այսօր վերահաստատել էր իր այն հայտարարությունն, ըստ որի՝ հիմքեր կան ենթադրելու, որ ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում ավելի երկար է մնալու, քան ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
«Ընդհանուր առմամբ, մեր ընկալմամբ, մոտեցումն այնպիսին է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար», - ասել էր նա։