28/10/2021 16:28
Ադրբեջանը դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու փորձեր անում է, բայց դրանք կանխվում են. Պաշտպանության փոխնախարար
Ադրբեջանը ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարում է, բայց դրանք կանխվում են, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Բնականաբար, իրենք ամեն գնով ուզում են, որ այն վայրում, որտեղ հայտնվել են, կահավորեն կամ որոշակի առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից դրանք հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,- ասաց փոխնախարարը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։
«Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ»,-նշել էր ՄԻՊ-ը։
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել Թաթոյանի հայտարարության վերաբերյալ։
«ՄԻՊ գրառման մեջ առկա այս պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում»,-հաղորդել էին ՊՆ-ից։
Օրեր անց Արման Թաթոյանը տեսանյութ հրապարակեց ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքում ամրացման աշխատանքներ կատարելու վերաբերյալ։