28/10/2021 16:53
ՀՕՊ միջոցների օգտագործման կարգի սահմանումն առաջարկվում է վերապահել կառավարությանը
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում քննարկել է ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ներկայացմամբ:
Նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:
Առաջարկվում է կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության ու ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը խորհրդարանին փոխանցել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: