28/10/2021 16:24
Ռուսական խաղաղապահ մանդատն ունի բոլոր շանսերը՝ ավարտվելու առաջին իսկ ժամկետի լրանալուց հետո. Արցախցի քաղաքագետ
Ռուս խաղաղապահների՝ Արցախում նախատեսվածից երկար մնալու հայտարարությունը արցախահայությանը տալու է խիստ ժամանակավոր ապահովության զգացում. մարդիկ կարծելու են, որ իրենց տներում մնալու են ոչ թե մոտակա 4, այլ, օրինակ, 8 տարիների ընթացքում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
«Բայց հասկանալի է, որ ռուսական խաղաղապահ մանդատը պետք է ավարտվի, և այն ունի բոլոր շանսերը՝ ավարտվելու առաջին իսկ ժամկետի լրանալուց հետո։ Պետք է վերջապես հասկանանք, որ ռուս-թուրքական նախնական պայմանավորվածությամբ՝ տեղի է ունեցել ազդեցության գոտիների վերաբաշխում, և այդ գործարքի հետևանքով Արցախը պետք է երկփուլ տարբերակով հանձնվի Ադրբեջանին։ Առաջին փուլին մենք ականատես եղանք պատերազմի ավարտին, երբ նոյեմբերի 9-ին դավաճանական ստորագրությամբ ամրագրվեց Արցախի բռնազավթված հատվածի հանձնումը։ Ադրբեջանի վերահսկողության տակ փոխանցվեցին այնպիսի տարածքներ, ուր նա չի կարողացել խորանալ անգամ մեկ սանտիմետր։ Արցախի մնացյալ պատառիկը ռազմավարական տեսանկյունից անպաշտպան է», - ասաց Քանանյանը։
Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանն ամեն կերպ ջանալու է երկարաձգել Արցախի հանձնման երկրորդ փուլը, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը, Քանանյանի խոսքով, «քցելու են» Ռուսաստանին։
«Բայց Ադրբեջանն ունի բոլոր հնարավոր լծակները՝ բարոյական ճնշում գործադրելու Արցախի՝ հայկական մնացած պատառիկի բնակչության վրա. հետզհետե ավելի հաճախակի են դառնալու մարդ սպանելու, մեքենա գողանալու, գիշերով որևէ գյուղ մտնելու և մի ընտանիք Պերմյակովի օրինակով մորթելու դեպքերը, որոնք հանգեցնելու են Արցախի հայ ազգաբնակչության արտագաղթին՝ մինչև Արցախում մնա այնքան քիչ հայ բնակչություն, որ ռուսական զորքի ներկայությունը դառնա անիմաստ», - ասաց Ալեքսանդր Քանանյանը։