29/10/2021 11:48
Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող նյութերին
44-օրյա պատերազմի արհավիրքի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծվել, որովհետև, ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ունի մեկ վճռական ելակետ՝ Արթուր Ղազինյանին չընտրելը։
«Նման տեսակ հարցեր են, հարցեր, որոնք որևէ մեկի համար կարևորություն չեն կարող ունենալ», - Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ունի որոշակի կաշկանդավածություն, որովհետև վերջինս «Հաղթելու ենք» թեզի ջատագովներից էր։
«Պարզ է չէ՞, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրմամբ 44-օրյա պատերազմի արհավիրքն անցել է նշված անձի անմիջական մասնակցությամբ, դրա համար էլ խուսափում են քննիչ հանձնաժողովի ստեղծումից», - ասաց պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ասաց, թե իրեն թույլ չեն տվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող նյութերին, մինչդեռ, ապրիլյան պատերազմի առնչությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքի արդյունքների գաղտնիության վերաբերյալ իր մոտ որևէ խնդիր չկա։
«Առաջիններից մեկը ես եմ ներկայացրել այդ փաստաթղերը, որ թույլտվություն տան, այդ թույլտվությունն ինչ-ինչ պատճառներով ինձ չեն տվել, այնինչ, ես կարծում եմ, որ այդ թույլտվությունից ավելի բարձր տեղեկությունների եմ տիրապետում, որը, ես, իմ խղճի ու մտքի հետ համակերպված լինելով, պահպանում եմ», - ասաց նա։