29/10/2021 16:40
Հոկտեմբերի 19-ին Սաղաթելյանն ասաց՝ փաստորեն կապիտուլյացիա՞ է, Փաշինյանը պատասխանեց՝ փաստորեն պարտություն է․ Շարմազանովը մանրամասներ հրապարակեց Փաշինյանի հետ հանդիպումներից
«Կորսված հաղթանակ․ դավաճանությու՞ն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովին ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը մանրամասներ հրապարակեց հոկտեմբերի 12-ին և հոկտեմբերի 19-ին արտախորհդարանական ուժերի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։ Շարմազանովը նշեց, որ հոկտեմբերի 12-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակը վատանում է, ինքը նրան առաջարկել է դիմել ռազմավարական դաշնակից ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ, ինչին Փաշինյանը բացասաբար չի արձագանքել։
Այդ հանդիպմանը, ինչպես նշել է Շարմազանովը, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը նույնպես իր խոսքն է ասել։
«Կարծում եմ՝ Իշխան Սաղաթելյանը թույլ կտա, որ ես դա ասեմ․ Իշխան Սաղաթելյանը մինչև վերջ ասաց, որ մենք պատրաստ ենք ծառայել, առաջին օրվանից կամավորականներին ուղարկել ենք։ Ասաց՝ պարո՛ն Փաշինյան, հաղթանակը Ձերն է, այստեղ ոչ ոք չի եկել՝ հաղթանակի դափնիները վերցնելու, հաղթանակի դափնիները Ձերն են։ Աստված տա, ամեն ինչ լավ լինի, Դուք ասեք՝ մենք ինչո՞վ օգնենք։ Հաղթանակի դափնիները Ձերն են, բայց իմացեք, որ պարտության ժամանակ էլ պարտությունը Ձերն է»։
Սաղաթելյանի այս խոսքից հետո էլ Շարմազամովը Փաշինյանին ուղղել է Վլադիմիր Պուտնինի դիմելու առաջարկը և բացասական պատասխան չի ստացել։ Արդեն հոկտեմբերի 19-ին՝ արտախորհրդարանական ուժերի հետ մյուս հանդիպմանը, որին նախորդել է ԱԽ-ում քննարկումը, Փաշինյանը, Շարմազանովի խոսքով, ներս է մտել հոգեբանական ծանր վիճակում և չի թաքցրել, որ փաստացի, հայկական կողմը պարտվում է։
«Ես նրան ո՛չ դրանից առաջ, ո՛չ դրանից հետո, նույնիսկ բունկերում, նման ծանր հոգեվիճակում չէի տեսել։ Նա ասաց, որ կա առաջարկ՝ կանգնեցնել պատերազմը, ներկայացրեց իրավիճակը, ավելին, իր խոսքերով, ինքը ընդունում էր, որ պարտություն է, որովհետև եղավ հարց՝ ոչ իմ կողմից, որ փաստորեն, պարտությա՞ն ենք գնում, և չասվեց՝ չէ։ Նա ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ունի առաջարկ՝ պատերազմը դադարեցնելու մասին»,- շարունակեց Շարմազանովը։
Նա հավելեց, որ Փաշինյանը հղում է արել «5+2»՝ «Լավրովյան պլանին» կամ դրա մոդիֆիկացված տարբերակին, որում ո՛չ Շուշին, ո՛չ Հադրութը հանձնելու մասին խոսք չկա։
«Ես նրան հարց ուղղեցի՝ սեպտեմբերի 27-ից առ այսօր ձեզ ի՞նչ է առաջարկվել․ կարո՞ղ է եղել է առաջարկ՝ 3 շրջանը հանձնել, պատերազմը կանգնեցնել, կամ 4 շրջանը, 10 շրջանը, Շուշին էլ տալ, այլ առաջարկ եղե՞լ է։ Նա ասաց՝ ոչ, «5+2»-ն է։ Իշխան Սաղաթելյանը հարց տվեց՝ կարգավիճակի խնդիր կա՞, թե՞ ոչ, ասաց՝ ոչ։ Սաղաթելյանն ասաց՝ փաստորեն կապիտուլյացիա է, Փաշինյանը պատասխանեց՝ փաստորեն պարտություն է։ Ավելին, ասվել է՝ ռեզերվ ունե՞նք հաղթելու։ Չի ասվել՝ այո, ռեզերվ ունենք հաղթելու»,- պատմեց Էդուարդ Շարմազանովը։
Այս ամենից հետո, երբ հոկտեմբերի 19-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը նման գնահատականներ է հնչեցրել, Շարմազանովի խոսքով, առնվազն անհասկանալի է դառնում, թե ինչու է կրկին ջոկատներ կազմելու և կռվելու նոր հրաման արձակել։
«Էդ ո՞նց էին կռվելու, եթե ինքն արդեն այդ ժամանակ գիտեր, որ «Բայրաքթարների» դեմն առնելու տարբերակ չկա։ Իրենք են ասել՝ օդը պաշտպանված է, բայց օդը պաշտպանված չէր։ Իրենք են ասել՝ մեր պարտության հիմնական պրոբլեմը «Բայրաքթարներն» են։ Երբ ասում է՝ մեղավորը նախկիններն էին, նախկինների ժամանակ Բայրաքթար չի եղել» ,- շեշտեց Էդուարդ Շարմազանովն ու հիշեցրեց, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկի մասին հետագայում հայ ժողովուրդն իմացավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։