30/10/2021 16:45
«Արմենիա» փառատոնի շրջանակում հնչել են Սթիվեն Իսերլիսի գեղեցիկ կատարումները
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի նախավերջին հանդիպումը մեր ժամանակների առաջատար երաժիշտներից մեկի` բրիտանացի թավջութակահար Սթիվեն Իսերլիսի հետ էր։
Երեւանյան այցի ընթացքում թավջութակահարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Ալեքսեյ Շորի «Երաժշտական ուխտագնացություն» թավջութակի կոնցերտը, ինչպես նաեւ Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի թիվ 1 կոնցերտը։ Իսերլիսի երաժշտությունը հնչել է բազում երկրներում, ամենահեղինակավոր դահլիճներում։ Նա ունկնդրին գերում է իր կատարողական տեմպերամենտով, վառ զգացմունքայնությամբ ու քնարականությամբ։
Երաժշտի հմայքն անմիջապես տարածվում է համերգասրահում՝ ներկաներին պարուրելով ստեղծագործությունների ամենախորունկ մեկնաբանություններով։
Սթիվեն Իսերլիսը նվագում է Ստրադիվարիուսի 1726թ. պատրաստած «Մարքիզ դը Կորբերոն» թվաջութակը, որը նրան տրամադրվել է Թագավորական երաժշտական ակադեմիայի կողմից։ Նա նշում է, որ այս գործիքի հետ շուրջ տասներկու տարի է ներկայանում երաժշտասերներին։ Յուրաքանչյուր երաժիշտ ունի յուրահատուկ կապ իր գործիք հետ։ Իսերլիսը խոստովանում է, որ սիրում է շատ գեղեցիկ հնչողություն ունեցող իր թավջութակը։
Երեկոյի ընթացքում հնչեց նաեւ Արվո Պյարտի հայտնի ստեղծագործություններից մեկը՝ Cantus-ը՝ նվիրված Բենջամեն Բրիտտենի հիշատակին։
«Արմենիա» 5-րդ միջազգային փառատոնը մեկ ամիս շարունակ գունավորեց երեւանյան երաժշտական աշունը՝ դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելով կամերային եւ սիմֆոնիկ համերգների անմոռանալի երեկոներ՝ աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ։ Երաժշտական այդ մեծ տոնը կազմակերպել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC (http://eufsc.eu/))։ Փառատոնին աջակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։