01/11/2021 20:15
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների օրակարգը նույնն է. իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օր առաջ հեռացնելը․ Արթուր Վանեցյան
««Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների օրակարգը չի փոխվել․ օրակարգն այս իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օր առաջ հեռացնելն է»,- Civilnet-ի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Հայաստան դաշինքը հայտարարել է, որ փողոցային պայքարի միջոցով գեներացնելու է հանրային դժգոհությունը և հասնելու է իշխանափոխության։ Ես՝ որպես մարդ, որպես ՀՀ քաղաքացի, ասել եմ, որ պատրաստ եմ մասնակցել և իմ ուժերի ներածի չափով աջակցել ցանկացած ուժի, առավել ևս՝ «Հայաստան» դաշինքի մեր գործընկերներին՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար»,- հավելել է նա։
Արթուր Վանեցյանը, խոսելով արդեն «Հայրենիք» կուսակցության անունից, կարծիք է հայտնել նաև, թե որքանով է իրատեսական հենց այս փուլում փողոցում պայքար սկսելով՝ հասնելն իրական ընդդիմադիր ուժերի հայտարարած օրակարգի կյանքի կոչմանը։
«Այս պահին ես համարում եմ, որ դեռ չի հասունացել այն պահը, երբ փողոցային պայքարի միջոցով մենք կկարողանանք գեներացնել այնպիսի դժգոհություն, որով հնարավոր լինի հեռացնել այս իշխանություններին, որովհետև ընտրությունները նոր են անցկացվել, իշխանությունները, հատկապես Նիկոլ Փաշինյանը տիրապետում է մանիպուլյացիայի արվեստին՝ գրեթե 100 տոկոսով և դեռևս կարողանում է մանիպուլացնելով հանրության մի մեծ հատվածի՝ նրան հեռու պահել իր դեմ ցանկացած բողոքի ակցիայից»,- ասել է նա։