01/11/2021 12:20
«Ոստիկանները շատ դեպքերում շատ ավելի մեղմ են». փոխոստիկանապետը կոչ է անում ոստիկանության մասին խոսելիս դաժանություն բառից զերծ մնալ
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը կոչ է անում ոստիկանության մասին խոսելիս զերծ մնալ դաժանություն բնութագրից։
«Ոստիկանության ծառայողները կատարում են օրենքով իրենց վերապահված գործառույթները ու վստահեցնում եմ ձեզ՝ շատ դեպքերում շատ ավելի մեղմ են այդ ամբողջն իրականացնում, քան սովոր ենք օրինակ բերել տարբեր զարգացած երկրներում», - Ազգային ժողովում հայտարարեց Ֆիդանյանը։
Նա նշեց, որ 2021 թվականի ինն ամիսների ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1407 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 412 ծառայող։
«329-ը ստացել է նկատողություն, 54-ը՝ խիստ նկատողություն, մեկ ծառայողի պաշտոնային դրույքն իջեցվել է մինչև երեք ամիս, 28 ծառայող ազատվել է ծառայությունից», - ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետը։
Արա Ֆիդանյանն ասաց, թե ոստիկանությունում բավականին խիստ ծառայողական քննություն է իրականացվում յուրաքանչյուր դեպքով։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ նշեց՝ եթե մանկահասակ երեխաների աչքի առաջ հոր նկատմամբ վերաբերմունքը դաժանություն չէ, ապա շատ ավելի խիստ ու կոպիտ բառեր կարելի է ասել։
«Դա ի՞նչ է, կամ, երբ քաղաքացուն փռում են ասֆալտին, դա դաժանություն չէ, բա ի՞նչ է», - ասաց Մինասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե Արծվիկ Մինասյանը «դաժան արձանագրումներ» արեց. նա փոխոստիկանապետին կոչ արեց Արծվիկ Մինասյանին արձագանքել «նույն ձևի դաժանությամբ»։
«Մենք շատ ավելի դաժանություններ ենք տեսել՝ Սարի թաղում հանված աչք, Մարտի մեկ», - ասաց Քոչարյանը։
Արա Ֆիդանյանը նշեց, որ երեխաների աչքի առաջ հոր նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքով առկա է քրեական գործ, շատ բան չի կարող բացահայտել։
«Բայց այն անձը, որին բերման են ենթարկում այդ կեպ ու այն երեխաները, որոնք նույն կադրում են, տարբեր են, հայրը չէ այդ անձանց», - ասաց ՀՀ փոխոստիկանապետը։