01/11/2021 15:35
Լավրովը Բայդենի հետ քննարկել է ամենաբարձր մակարդակով երկխոսության հնարավորությունը
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը G20 գագաթնաժողովի շրջանակում զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Լավրովն ու Ջո Բայդենը քննարկել են բարձրագույն մակարդակով ռուս-ամերիկյան երկխոսության հնարավորությունը։
«Իսկապես, նախարար Լավրովը տարբեր միջոցառումների ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կարճատև զրույցի հնարավորություն է ունեցել, և դա կարևոր փաստ է։ Շարունակվել է երկու երկրների միջև բարձրագույն մակարդակով շփումների անհրաժեշտության վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված փոխըմբռնման շուրջ քննարկումը, այդ պատճառով է հանդիպումը կարևոր։ Շփումները կշարունակվեն», - ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան ու Վաշինգտոնը ամենաբարձր մակարդակով շփումները կարևորում են ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային խնդրահարույց հարցերի շուրջ երկխոսելու տեսանկյունից։
«Մենք համամիտ ենք այն հարցում, որ բարձր մակարդակով շփումներն անհրաժեշտ են ինչպես երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, այնպես էլ երկու երկրների միջև երկխոսության համար, որն ընդգրկում է ավելի մեծ աշխարհագրություն», - նշել է նա։