01/11/2021 13:08
ԱԱԾ սահմանապահ զորքերում պայմանագրային զինծառայողները ցածր աշխատավարձ են ստանում, այդ պատճառով էլ ազատվում են աշխատանքից. ԱԱԾ տնօրենի տեղակալ (Տեսանյութ)
ԱԱԾ սահմանապահ զորքերում պայմանագրային զինծառայողների աշխատավարձն այս պահին կազմում է շուրջ 160 հազար դրամ, այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախատեսված է սահմանապահ զորքերում սպաների, պայմանագրային անձնակազմի աշխատավարձերի կամ հավելավճարների ավելացում։
«Ընդհանուր բյուջեում որոշակի տրամաբանական խզում կա, օրինակ՝ ոստիկանության պարեկային ծառայողները շատ դեպքերում ավելի շատ կամ հավասար գումար են ստանում, քան ավելի ծանր պայմաններում Շուռնուխում, Որոտանում ծառայություն իրականացնող սպաները», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, թե այդ հարցով զբաղվում են.
«ԱԱԾ տնօրենը հանձնարարություն է տվել, մտածենք, թե ոնց ենք կարողանում իրավիճակը բարելավել կոնկրետ պայմանագրային զինծառայողների աշխատավարձների մասով։ Բավականին ցածր է, ինչքան համեմատել ենք մյուս կառույցների հետ, մերոնք բավականին ցածր աշխատավարձ են ստանում։ Այդ պատճառով էլ մեր մոտ թվաքանակը նվազել է, ազատվում են աշխատանքից։ Հանձնարարությունը կա, հնարավորություն պետք է ստեղծենք աշխատավարձը բարձրացնելու»։
Նա ասաց, թե նախատեսում են բարձրացնել աշխատավարձը՝ հասցնելով շուրջ 210-220 հազար դրամի մոտ։