01/11/2021 12:45
Սյունիքում ժամկետային զինծառայողները ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում, ավելացել է դեղորայքի համար տրամադրվող գումարը. ԱԱԾ տնօրենի տեղակալ (Տեսանյութ)
Սյունիքի տարածքում ծառայությունն իրականացնող ժամկետային զինծառայողներն անհրաժեշտ պայմաններ դեռ չունեն, ԱԺ պաշտպանության և անվտանգության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը։
«Իրավիճակից ելնելով հարավային սահմանը հետ է քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում չենք ունեցել», - ասաց Հակոբյանը։
Թվաքանակի մասին նա չասաց, սակայն նշեց, որ բավական մեծ քանակով ժամկետային զինծառայողներ են, այդ իսկ պատճառով ԱԱԾ 2022 թվականի պլանավորած ծախսերում ավելացրել են դեղորայքի գնման գումարը։
«Եվ այս պահին, գիտեք, թե ինչ պայմաններում են ծառայությունն իրականացնում։ Պայմաններ դեռ չունենք, այնտեղ նոր ուղեկալներ ենք կառուցում, մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ և դրա կարիքը կարող է էլ չլինել։ Բայց այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում», - ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Նա հայտարարեց, որ ԱԱԾ-ն 2022 թվականի պետբյուջեի նախագծով 11 միջոցառումների իրականացման համար նախատեսում է հատկացնել 42 մլրդ 669 մլն դրամ, այն 2021 թվականի ճշտված բյուջեի համեմատ ավելացել է 8.7 տոկոսով։