01/11/2021 20:04
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներով առաջիկա հանդիպումների մասին
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, նախարարները քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ հաշվի առնելով նոյեմբերի եռակողմ փաստաթղթի ստորագրման մեկ տարին։
«Հատուկ ուշադրություն է դարձվել հրատապ հումանիտար խնդիրների լուծման գործում առաջխաղացմանը, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը։ Քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերը։ Ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներով առաջիկա երկկողմ շփումները։
«Հայտարարվել է դաշնակցային համագործակցության առաջանցիկ զարգացման մասին։ Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային թեմաներ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։