01/11/2021 12:15
Ամերիկացիների 31 տոկոսը կարծում է, որ Թրամփից հաղթանակը գողացել են, իսկ ԱՄՆ-ն կառավարվում է գաղտնի խմբակի կողմից
«The Hill» պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում անցկացված նոր սոցհարցման տվյալները, համաձայն որոնց գրեթե յուրաքանչյուր երրորդ ամերիկացին (31%) այն կարծիքին է, որ 2020 թվականին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, Ջո Բայդենը հաղթանակը «գողացել է» ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից։
Սոցհարցումն իրականացրած կազմակերպությունը («Public Religion Research Institute») հատկանշական է համարել, որ այս տեսակետին է Թրամփի դիրքորոշումը կիսող ԶԼՄ-ների լսարանի 82 տոկոսը։
Սոցհարցման համաձայն, յուրաքանչյուր 5-րդ ամերիկացին տուրք է տալիս դավադրության տեսությանը, համաձայն որի ԱՄՆ-ում շուտով մասշտաբային, բուռն իրադարձություններ են լինելու։ Յուրաքանչյուր 6-րդն էլ այն տեսակետին է, որ ԱՄՆ ղեկավարությանը գաղտնի կառավարում է ինչ-որ սատանիստների խումբ։
Սոցհարցումն իրականացրած կազմակերպության եզրահանգմամբ՝ իրականությունից կտրված մարդկանց թիվը երկրում ավելանում է, մեծանում է նաև նրանց և ԱՄՆ մյուս քաղաքացիների միջև խզվածքը, ինչը մտահոգիչ է և կարող է նույնիսկ սպառնալ ժողովրդավարությանը։
Սոցհարցումն անցկացվել է սեպտեմբերի 16-ից 29-ը, դրան մասնակցել է ԱՄՆ-ի 2 508 չափահաս քաղաքացի։