01/11/2021 11:27
Առողջապահության նախարարությունը համառորեն չի տրամադրում տվյալներ, թե մահացածներից քանիսն է եղել պատվաստված քովիդի դեմ. Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր շատերը պատվաստման գովազդ-քարոզով են զբաղված, ընդ որում՝ պետական բարձր հովանավորությամբ և ուղղորդմամբ: Մահացածների վիճակագրություն են մեջբերում, իրենց կամ իրենց ընտանիքի անդամների պատվաստված լինելն են ի ցույց դնում և այլն: Վստահ եմ, որ այս խմբի մեջ գտնվողներից շատերը դա անում են լավ նպատակներով: Իրենք իրոք կարծում են, որ նորաստեղծ պատվաստանյութերը կպաշտպանեն կորոնավարակից և նրանց առողջությանն այլ վնաս չեն պատճառի:
Բայց երբ այս խմբի անդամները փորձում են հավանություն տալ պետական մարմինների կողմից մարդկանց ստիպելու կամ մարդկանց իրավունքներն անտեսելու գործողություններին, և նույնիսկ նպաստել դրան, ապա հասկանում ես, որ լուրջ ճգնաժամ է սպասվում:
«Ազատ կամք» նախաձեռնության անդամներիս մոտեցումը շատ պարզ է: Մարդն ազատ պետք է լինի որոշելու պատվաստվել, թե՝ ոչ: Եվ այն էլ, երբ՝
1) Պատվաստանյութերը նոր են ստեղծված (մոտ մեկ տարեկան են) և պարզ չեն դրանց վնասակար ազդեցությունները.
2) Պատվաստված մարդը վարակվում է և կարող է վարակը փոխանցել.
3) Պատվաստումը վարակից վերջնականորեն չի պաշտպանում և կարիք է լինելու հետագայում կրկին պատվաստվել.
4) Պատվաստված մարդը կարող է մահանալ կորոնավիրուսից.
5) Հիմնավոր չի պարզաբանվել, թե վարակված ու առողջացած մարդը ինչու պետք է պատվաստվի, երբ ունի հակամարմիններ:
Պետությունը պետք է ստեղծի հասանելիություն պատվաստանյութերին և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրի մարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան որոշում կայացնել: Մինչդեռ, երբ պետությունն ինքն է գովազդում այդ ապրանքները, չի կարող օբյեկտիվ լինել:
Առողջապահության նախարարությունը համառորեն չի տրամադրում տվյալներ, թե մահացածներից քանիսն են եղել պատվաստված քովիդի դեմ: Ըստ էության պատճառաբանում է, թե չունի այդ տվյալները: Այս դեպքում հարց է ծագում, ինչպես է վերահսկելու պատվաստանյութերի բացասական ազդեցությունը մարդու առողջության նկատմամբ կամ ինչպես է պնդում, որ պատվաստանյութերից մարդիկ չեն մահանում:
Եթե մարդն իր առողջության կամ կյանքի մասին մտածելով պատվաստվել է, ես հարգում եմ իր որոշումը և նրան չեմ համարելու «բաժանարար գծից» այն կողմ գտնվող մարդ: Նույն կերպ ակնկալում եմ, որ պատվաստված մարդը հարգի իմ՝ չպատվաստվածիս որոշումը:
Եթե մարդը չի ուզում պատվաստվել, բայց նրան ստիպում են պատվաստվել, ապա այստեղ բոլորս՝ պատվաստվածներով ու չպատվաստվածներով, անելիք ունենք: Ապագայում պատվաստվածներին էլ կարող են ստիպել կրկին պատվաստվել իրենց կամքին հակառակ, կամ մարդկանց արժանապատվությունը ստորացնող կամ անիմաստ սահմանափակումներ պարտադրեն, ինչպիսին է օրինակ բացօթյա տարածքում մարդուն դիմակ կրելու նոր պարտադրանքը:
Ու քանի լռում ու հանդուրժում ենք պարտադրանքների շքերթը շարունակվելու է:
Հ. Գ. Տեղեկացնում եմ նաև, որ մեր թիմը դատական հայցեր է նախապատրաստում պատվաստվելուց հետո մահացած անձանց ընտանիքների անունից պետությունից վնասի հատուցում պահանջելու կապակցությամբ»: