01/11/2021 20:00
«Մամ, սա նույնիսկ անհնար է նկարագրել, անգամ այսպիսի կինո չեք տեսել». Հովհաննես Գալստյանն ու 4 ընկերները զոհվել են Ֆիզուլիում
«Հոգնած եմ, մամ, «տրիվոգ» են տվել... աչքիս՝ չեն թողնելու, որ մենք զորացրվենք». պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին մոր հետ խոսելիս նմանատիպ մտավախություն հայտնեց ծառայությունը Ֆիզուլիում անցկացնող Հովհաննես Գալստյանը, ում վերադարձին ընդամենը 3-4 ամիս էր մնացել...
Մինչ մենք՝ հասարակ մահկանացուներս, մեր խաղաղ առօրյայով էինք ապրում, ընտրյալներն արդեն վաղուց գիտեին՝ պատերազմ է լինելու, զգում էին, որ իրենց ամեն մի զանգը գուցեև վերջինն էր դառնալու...
... 2020 թվական, սեպտեմբերի 27, ժամը 07։30... Տիկին Գայանեն առավոտվա սուրճի հետ աչքի անցկացրեց լուրերն ու միանգամից շանթահարվեց՝ պատերազմ է սկսվել... Որդու՝ տանկային վաշտի գնդացրորդ Հովհաննեսի հեռախոսին պատասխանող չկար, 3 օր մայրը մնաց գլխիկոր, աչքն ու ականջը՝ հեռախոսին։
«3 օր անց Հովհաննեսս զանգեց. իրենց «տրիվոգով» հանել են դիրքեր, ինքը տանկի «նավոդչիկ» է։ 3-ով են եղել՝ տանկի հրամանատարը, իմ գնդացրորդ որդին ու մեխանիկը, ով ընդամենը մեկ-երկու ամսվա ծառայող է եղել: Պատմում էր, որ թշնամու ԱԹՍ-ներն իրենց գլխին կարկուտի պես էին թափվում: Ճանապարհին իրենց տեխնիկան վնասվել է, տանկի հրամանատարը՝ վիրավորվել, տղաս ու մեխանիկն իրենց մի կերպ մի կողմ են գցել»,- Aysor.am-ի հետ զրույցում պատմեց Հովհաննեսի մայրը՝ Գայանե Գալստյանը:
Երբ հրետակոծությունը դադարել է, տղաները մոտեցել են, վիրավոր հրամանատարին տեղափոխել, առաջին բուժօգնություն ցույց տվել։ Անսարք տանկով 3 օր կորած Հովհաննեսին ու 2 զինընկերներին Ջաբրայիլի տղերքն են գտել ու իրենց մոտ տարել։
«Հոկտեմբերի 11-ին տղաներին կրկին վերադարձրել են իրենց զորամաս՝ Ֆիզուլի: Զանգեց, ասաց, որ եթե կապ չհաստատի, չանհանգստանամ, քանի որ բունկերում են, կապի միջոց չկա։ Ամսի 13-ին այնտեղ շատ թեժ մարտեր են եղել: Հովոս 14-ի լուսադեմին՝ 04:30 զանգեց ... Ես իրեն խնդրում էի, որ հեռախոսն անջատի, վախենում էի, որ կթիրախավորեն, բայց ինքն անընդհատ ուզում էր խոսի, քրոջ ու եղբոր մասին հարց ու փորձ էր անում, ասում էր՝ մամ, խոսա, խնդրում եմ...Երևի էրեխես գիտեր, թե ինչ ա լինելու, իսկ ես հեռախոսն անջատեցի»,- արցունքների միջից հիշում է մայրն ու սկսում հեկեկալ... Դա Հովհաննեսի վերջին զանգն էր:
Սկսած հոկտեմբերի 15-ից՝ հայրը՝ Միքայելը, պարբերաբար զանգում էր ապարանցի կամավորներին, որոնց հետ պատերազմի ընթացքում մտերմացել էր Հովիկը։ «Հովոն չկա, հոպար»՝ հոր զանգին ի պատասխան հայտնել էր կամավորը: Սակայն ծնողները չէին հանձնվում, սպասում էին՝ գուցե ու հրաշք կատարվի...
«Ինքը խեղճ, դմբրած էրեխա չի, գրեթե տարի ու կես այնտեղ էր ծառայում, ծանոթ էր տեղանքին։ Հավատում էի, որ ողջ է, թաքնվել է, շուտով կգա... Բայց, ինչպես հետո իմացանք, այնպիսի իրավիճակում են եղել, որ փրկվելն անհնար էր. իրենց վրա ներքևից թշնամու 500 հոգանոց խումբ է հարձակվել, տարբեր տրամաչափի զենքեր են գործածել, անօդաչուներ, վերևից՝ սարի վրայից էլ հրանոթով են գնդակոծել։ Իսկ մերոնք փոքր տրամաչափի ավտոմատներով են կռվել, գլխներին հրամանատար էլ չեն ունեցել։ Իրենք են եղել ու կամավորները։ Մեր տղերքին օղակի մեջ են վերցրել ու վերջ։ Մինչև վերջ կռվել են, պայքարել, ոմանց նման չեն պախկվել...Երևի սխալ եմ արել, որ տղայիս հայրենասեր եմ դաստիարակել, ավելի լավ էր՝ փախներ, իրեն փրկեր, թե չէ՝ ինչի՞ս էր պետք իր հայրենասիրությունը»,- արցունքները զսպել չկարողանալով պատմում է տիկին Գայանեն ու տարակուսում՝ վաշտի, դասակի որևէ հրամանատար չի տուժել, միայն զինվորները, ո՞նց կարող էր նման բան լինել։
Փրկարարները ծառայակիցների ու ծնողների ցուցումով են գտել այն վայրը, որտեղ Հովհաննեսն ու 4 զինընկերներն են զոհվել։ Տղաների մարմինները դուրս են բերվել դեկտեմբերի վերջին...ԴՆԹ-ի պատասխանը ցույց տվեց՝ նրանցից մեկը 07.07. 2000 թվականին ծնված Հովհաննես Միքայելի Գալստյանն է:
«Սեպտեմբերին՝ մինչ պատերազմը, Հովոյին ծանրոց էինք ուղարկել: Փոքր տղաս, որն ութ տարեկան է, որոշեց նկարել ու եղբորն ուղարկել։ Ու նկարեց կռիվ, պատերազմ... Հովոն զանգեց, թե «մամ, Տիկոն էս ի՛նչ դաժան նկար ա նկարել, տղերքով նայում ենք ու զարմանում»...Արի ու տես, որ այդ դաժանությունն իրականություն դարձավ... Երբ Հովոյիս մարմինը գտանք, գրպանում, իր անձնական թղթերի, զինվորական գրքույկի կողքին խնամքով եղբոր նկարած նկարն էր դրված»,-հիշում է մայրը:
Հոգեհանգստին եկած մարտական ընկերները պատմել են, որ նրան վերջին անգամ մարտադաշտում են տեսել՝ կռվելիս, երբ իրենք վիրավորներին էին հանում։ Հերթական վիրավորի հետևից գնացած ժամանակ նկատել են, որ տղերքը չեն երևում, ձայն են տվել, բայց արձագանք չեն ստացել... Հենց այդտեղ էլ հասկացել են՝ նրանք արդեն չկան...
Տիկին Գայանեն մի պահ լռում է, մտովի վերադառնում 90-ականների Արցախյան պատերազմ, ապա՝ Ապրիլյան պատերազմ... Ամուսինը՝ Միքայել Գալստյանն, Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել, որդու հետ հաճախ են խոսել պատերազմի մասին.
«Երբ ապրիլյան պատերազմը սկսվեց, Հովոս 15 տարեկան էր։ Այդ ժամանակ զոհերի անունները լսում էի ու մղկտում, ամեն ծնողի հետ իր վիշտն ապրում։ Ի՞նչ իմանայի, որ 4 տարի հետո էլ ես եմ նրանց վիճակում լինելու, ես եմ իմ թանկին կորցնելու... Բայց սա ուրիշ պատերազմ էր, նույնիսկ 2016-ի նման չէր. երբ զանգում էր, ասում էր. «Մամ, սա նույնիսկ անհնար է նկարագրել, անգամ այսպիսի կինո չեք տեսել, որ համեմատեմ»։ Ամուսինս անընդհատ ուզում էր գնալ, բայց Հովհաննեսս թույլ չէր տալիս, ասում էր՝ հանկարծ չգաս, պապ, սա քո տեղը չի, սա քո տեսած ու իմացած պատերազմը չի»...
Ծնողները Հովհաննեսին վերջին անգամ տեսել են 2020 թվականի փետրվարին, երբ մորեղբոր աղջկա հարսանիքին էր եկել։ Տիկին Գայանեն մտաբերում է՝ երբ ամուսինը որդուն ճանապարհելուց է եղել, շրջվել է ու ասել. »Պապ, էս անգամ հեչ չեմ ուզում գնամ, չի ձգում, ինչ որ բան ինձ էստեղ է պահում։ Բայց բան չմնաց, շուտով կգամ»...
«Չգիտեմ՝ ինչո՛ւ է այդպես ասել, ինքը պինդ տղա էր, ընկճվող չէր, երևի սիրտը զգացել է, որ մեզ վերջին անգամ է տեսնում»,- արցունքների մեջից ասում է մայրն ու խոստովանում՝ նեղացել է որդուց, որ խոստումը չպահեց ու չեկավ։
Հովհաննեսն ընտանիքի 3 զավակներից միջնեկն էր, իրենից ավագ քույր ու կրտսեր եղբայր ունի։ Տիկին Գայանեն իր ամենօրյա զբաղմունքի մեջ հիմա էլ որոշակի ժամերի, սովորույթի ուժով, ականջը հեռախոսին է պահում:
«Հովոս զանգելու հատուկ ժամեր ունի, ճաշարանից առաջ ու հետո է զանգում, երկար զրուցում ենք.. հիմա իր զանգերի ժամերը հենց գալիս են, ինձ կորցնում եմ, հեռախոսը բռնում ու նստում, ականջիս մեջ անընդհատ իր ձայնն է»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է հերոսացած տղայի մայրը, ով այդպես էլ չի կարողանում հաղթահարել ժամանակի սահմանագիծն ու որդու մասին անցյալով խոսել։
Հովհաննես Գալստյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարի 4-ին։ 20-ամյա հերոսի մարմինը ծնողների որոշմամբ ամփոփված է Նուբարաշենի ընտանեկան գերեզմանատանը: