02/11/2021 15:08
Գլխավոր դատախազն ու նրա տեղակալներն ամեն ամիս աշխատավարձի 90-120 տոկոսի չափով հավելավճար կստանան
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծից տեղեկանում ենք, որ Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-ից 120 %-ի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին։
Նախարարության ներկայացրած նախագծով առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ են սահմանվում գլխավոր դատախազի ու նրա 4 տեղակալների պաշտոնները։ Այս առանձնահատկությամբ պայմանավորված՝ առաջարկվում է աշխատավարձից բացի, նրանց տրամադրել հավելավճարներ՝ աշխատավարձի 90-120 տոկոսի չափով, ինչը նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձերը շեշտակի կբարձրանան:
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ գլխավոր դատախազի համար սահմանել հավելում ՝ 95 տոկոսի չափով, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համար` 100 տոկոսի։
Ռիսկայնության ամենաբարձր գործակիցը՝ 120, սահմանվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի համար։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար հավելավճարի չափ է սահմանվում աշխատավարձի 90%-ի չափով, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի համար՝ 100 %-ի։
Հավելավճարները նրանք ստանալու են յուրաքանչյուր ամիս՝ աշխատավարձի հետ միասին: