02/11/2021 15:53
Հասարակական կազմակերպություններին հատկացվող գումարներն այնքան էլ արդյունավետ չեն օգտագործվում. Բաբկեն Թունյան
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձևավորմանը, հարկային և մաքսային քաղաքականությանը վերաբերող քննարկումները:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գալիք տարում նախատեսվում է հատկացնել 850,9 մլն դրամ՝ 2021-ին հաստատված բյուջեի 837,6 մլն դրամի դիմաց, աճը կազմում է 1,6 տոկոս: Իրականացվելու է 1 ծրագիր, որն ընդգրկում է 2 միջոցառում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել է, որ հատկացված գումարի 89 տոկոսն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը, իսկ 11 տոկոսն օգտագործվելու է կառույցի բնականոն աշխատանքների ապահովման նպատակով:
Գումարի 1 տոկոսը՝ մոտ 8,5 մլն դրամ, օրենսդրության համաձայն, հանձնաժողովը հատկացնելու է սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին և այլ ծախսերին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ հասարակական կազմակերպություններին հատկացվող գումարներն այնքան էլ արդյունավետ չեն օգտագործվում: Նա հետաքրքրվել է՝ արդյոք առավել նպատակահարմար չէ՞ այդ գումարներն օգտագործել այլ մեխանիզմներով: Գարեգին Բաղրամյանը պարզաբանել է, որ նախորդ տարի ևս այս հարցն արծարծվել է և նպատակահարմար է համարվել սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված այդ գործառույթը վերապահել Մարդու իրավունքների պաշտպանին կամ նրա գրասենյակի աշխատակիցներին:
«Սրա համար անհրաժեշտ էր օրենսդրական փոփոխություն կատարել: Օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելը, որքան ես տեղյակ եմ, վերապահված է եղել Մարդու իրավունքների պաշտպանին», - նշել է նա: