02/11/2021 13:57
Գորիս-Կապան ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց որևէ ռեալ վտանգ չկա. մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու. Գնել Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մոտ 20 օր առաջ է եղել Կապանում։
«Կապան սկզբից գնացել եմ Տաթև-Աղվանի ճանապարհով, որովհետև ճանապարհն էր պետք տեսնել, վերադարձել եմ Գորիս-Կապան Մ2 ճանապարհով», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Նա նշեց, որ եղել է նաև Շուռնուխ համայնքում։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճանապարհն անվտա՞նգ էր, Սանոսյանն էլ արձագանքեց. «Ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց, կարծում եմ՝ որևէ ռեալ վտանգ չկա»։
Հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու Գորիս-Կապան ճանապարհի ճակատագիրը, ի վերջո, այդ ճանապարհն անցնելու է թշնամու տիրապետության տա՞կ, նախարարն արձագանեց. «Մենք այդ ճանապարհից ձեռք չենք քաշելու, այդ ճանապարհը մեր ճանապարհն է՝ բացառությամբ երկու հատվածի, որտեղ վիճարկվող է, այսինքն՝ դեռ դելիմիտացիա-դեմարկացիա երևույթը ցույց կտա՝ դա այսպե՞ս է, թե՞ չէ: Ինչ վերաբերում է մնացած աշխատանքներին, մենք զուգահեռ կառուցել ենք Տաթև-Աղվանին, կառուցում ենք Շուռնուխ առանձին մոտեցող ճանապարհ, Որոտան առանձին մոտեցող ճանապարհ, Բարձրավան առանձին մոտեցող ճանապարհ։ Հետագայում մտածում ենք, որ այն ոլորանները, որոնք վիճարկվող են, դրանց շրջանցող հատվածներ կառուցել, որ ընդհանրապես խնդիր չունենանք»։