02/11/2021 15:59
Շուռնուխում կկառուցվի նոր թաղամաս. կուղղվի 420 միլիոն դրամ
Նոյեմբերի 2-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում կառավարության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց ղեկավարած կառույցներին «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված միջոցները և իրականացվելիք ծրագրերը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ կառույցի պահպանման ծախսերին կուղղվի 588 մլն դրամ, Շուռնուխ համայնքում նոր թաղամասի կառուցմանը՝ 420 մլն դրամ: Զեկուցողի տեղեկացմամբ՝ նոր թաղամասում կկառուցվի 13 բնակելի տուն, կբարեկարգվեն ճանապարհները:
Կոմիտեի կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ապահովման համար կհատկացվի 1 մլն 155 հազար դրամ. գումարով ձեռք կբերվեն նոր համակարգիչներ:
Արմեն Ղուլարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են վթարային շենքերի վերակառուցման անհրաժեշտությանը, ներդրումների ներգրավման տեսանկյունից շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի պարզեզմանն ու դյուրինացմանը եւ այլն: