02/11/2021 18:55
Բենզինի գնիջեցում առաջիկայում չի լինի, գնաճ` նույնպես. տնտեսագետը՝ վառելիքի գնի բարձրացման պատճառների մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանում բենզինի գնի կտրուկ աճի պատճառը ոչ միայն վառելիքի միջազգային շուկայում արձանագրված գնաճն է, այլև տեղի շուկայի առանձնահատկությունը։
«Մեր երկրի շուկան բավականին փոքր է և շարունակվում է այն մտահոգիչ երևույթը, որ երբ գները միջազգային շուկայում բարձրանում են, մեզ մոտ ավելի բարձր տեմպով է աճում բենզինի գինը, քան միջազգային շուկայում, բայց երբ նվազում են, որոշակի ժամանակահատված հետո ենք տեսնում այդ նվազման արդյունքը։ Սա բացատրվում է նրանով, որ ունենք թանկ գնած բենզին, և էժանը վաճառելու համար ժամանակ է պետք։ Այս դեպքում հարց է առաջանում․ էժան գնված բենզինը, որը միջազգային շուկայում թանկանում է, ինչո՞ւ է մեզ մոտ այդ խմբաքանակը ավելի թանկ վաճառվում։ Սրա պատասխանը շատ պարզ է․ շուկան փոքր է, մենաշնորհացման աստիճանը՝ բարձր, և պետական մարմինները ողջ ծավալով և արդյունավետ չեն վերահսկում մենաշնորհացման բարձր աստիճան ունեցող շուկաները»,- ասել է նա։
Տնտեսագետի խոսքով՝ այն սպասումները, որոնք գործող իշխանությունները ստեղծել էին՝ ասելով, որ շուկան կազատականացվի, մնացած խոստումների պես, չիրականացվեցին։
«Ընդամենը անուններ, բիզնեսի ներկայացուցիչներ և շահույթի բաշխում փոխվեց շուկայում։ Բուն սպառողը և հանրությունը դրանից ոչինչ չի շահում։ Եթե ուզում ենք երկարաժամկետում ունենալ շուկայական էֆեկտ, պետք է շուկան ազատականացվի։ Դա պետք է անել ոչ թե խոսքերով, ամպագորգոռ, մանիպուլյացիոն ելույթներով, այլ պետք է պայմաններ ստեղծվեն, որ ավելի շատ տնտեսվարող սուբյեկտներ իրապես մասնակցեն ներմուծմանը, և արդյունքում մրցակցությունը կբերի գնաճային զսպումների»,-ասել է Թադևոս Ավետիսյանը։
Տնտեսագետը կարծիք է հայտնել նաև, որ առաջիկայում վառելիքի շուկայում գնիջեցում չի նկատվի։
«Միջազգային շուկայում քովիդով պայմանավորված սահմանափակումների ֆոնին գուցե պահանջարկի նվազում լինի և որոշակի գնիջեցում նկատվի, բայց մենք դա չենք տեսնի»,- նշել է նա։
Թադևոս Ավետիսյանը նոր գնաճն էլ քիչ հավանական է համարել։
«Միջազգային շուկաներում դժվար թե նոր գնաճ լինի, որովհետև հասել են պահանջարկի պիկին։ Այստեղ կնկատվի կայունություն։ Քովիդի հետ կապված՝ կլինի պահանջարկի նվազում, իսկ գների բարձրացմանը բերող հիմնական գործոնը հենց պահանջարկն է։ Եթե պահանջարկը նվազի, գնաճ չի լինի, ընդհակառակը` կարող է գնանկում լինել, բայց մենք դա դժվար թե տեսնենք»,- ասել է նա։