02/11/2021 12:58
Շաքարավազի և կարագի շուկան ենք ուսումնասիրում. ԵԱՏՄ տարածաշրջանում շաքարավազի դեֆիցիտ կա. Գեղամ Գևորգյան
Շաքարավազի շուկայում ուսումնասիրություն ենք իրականացնում, գների դինամիկան ենք նայում, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Երևի տեղյակ եք, որ Հայաստան 2-3 ամիս առաջ ներմուծվել է նաև էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել են, այնուհետև դրանից հետո՝ բարձրացել։ Հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ երրորդ երկրներից ներմուծումը 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, որովհետև շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում՝ հիմնականում ՌԴ-ում, կապված քովիդի հետ», - ասաց Գեղամ Գևորգյանը։
Նա հայտնեց, որ ուսումնասիրելու են նաև կարագի շուկան։
«Բացի այդ, նաև մի շարք այլ ոլորտների վերաբերյալ ևս որոշումներ ունենք։ Օնլայն գնումների շուկայում ուսումնասիրություն իրականցրինք և պատասխանատվության միջոց նախատեսեցինք, այս պահին բժշկական ծառայություններն ենք ուսումնասիրում, արդյունքները կհրապարակենք դեկտեմբերի վերջին», - ասաց Գեղամ Գևորգյանը: