02/11/2021 20:40
Երևանում ՓՄՁ-ների հավաքագրման համաժողով կանցկացվի
2021թ. նոյեմբերի 5-ին ժամը 10։00-ին «RADISSON BLU HOTEL, YEREVAN» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում ( ք․ Երևան, Ազատության պող. 2/2 շենք), կմեկնարկի Հայաստանում ՓՄՁ-ների հավաքագրման տեղական համաժողովը՝ «Առևտրի կամուրջներ» նախագծի շրջանակներում, որը անցկացվում է Սևծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում։
Կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը և «Իվենթսենթր» ընկերությունը:
«Առևտրի կամուրջներ» համատեղ նախագծի հիմնական նպատակներն են ԵՄ գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների ու սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը, ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՑԱՆՑԻ զարգացումը, ՓՄՁ վերապատրաստումների իրականացումը, «BRIDGES» միջոցառումների կազմակերպումը և արդյունքում՝ նոր առևտրային կապերի ստեղծումը և զարգացումը:
Ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով նախապես անցկացվել են գյուղատնտեսական և հարակից ապրանքների միջազգային առևտրի հետազոտությունները, ինչպես նաև բացահայտվել են պոտենցիալ շահառու հանդիսացող ընկերությունները: Հետազոտությունները իրականացրել են այն ենթաոլորտների-ապրանքների բացահայտման նպատակով, որոնք կարող են նպաստել շահառու երկրների միջև բիզնես և առևտրային կապերի ամրապնդմանը:
Ակնկալվում է, որ ծրագիրը մշտական և շարունակական ազդեցություն կունենա գյուղատնտեսության և հարակից ոլորտների վրա, ինչպես նաև կընդլայնի արդեն հաստատված առևտրային կապերը:
Հաշվի առնելով Եվրոմիության կողմից իրականացված բազմաթիվ նմանատիպ նախագծերը, վերոհիշյալ ծրագրի խնդիրների լուծման և դրական արդյունքներ ստանալու նպատակով կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և հարակից ոլորտների Փոքր և Միջին Ձեռնարկությունների հավաքագրման համաժողով։ Նախապես անցկացվել են ուսումնասիրություններ այդ ոլորտի հավանական շահառուներին ծրագրում ներառելու նպատակով։ Համաժողովի ընթացքում մանրամասն կներկայացվեն և կբացատրվեն ծրագրի բնույթը, բովանդակությունը և անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև իրագործման եղանակներն ու ակնկալվող արդյունքները։ Մասնակիցների կողմից լրացված հարցաթերթիկների վերլուծության արդյունքում, առավելագույնը 10-օրյա ժամկետում կընտրվեն ծրագրի վերջնական շահառուները։ Ընտրության ողջ գործընթացը կանցկացվի բացառապես պարզ և թափանցիկ պայմաններում, բոլոր մասնակից ՓՄՁ-ները գրավոր կերպով կտեղեկացվեն արդյունքների վերաբերյալ։
Ծրագրի հաջորդ փուլերում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, «BRIDGES» միջոցառում Հայաստանում, ինչպես նաև կկազմակերպվի հայկական կողմից ընտրված ՓՄՁ-ների մասնակցությունը երկօրյա «BRIDGES» միջոցառումներին գործընկերներ երկրներում (Հունաստան, Մոլդովա, Ռումինիա)՝ յուրաքանչյուր երկիր կմեկնի 6 գնորդ Հայաստանից։
Նման միջոցառումները նպաստում են տարածաշրջանների գործարարների միջև արտադրական և առևտրային ուղղակի փոխշահավետ համագործակցության հաստատմանը: