02/11/2021 19:19
Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմք դարձած հոդվածը ՍԴ-ն ճանաչեց սահմանադրական
Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը: Տեղեկությունը 168.am-ին փոխանցել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ հավելելով, որ որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ պաշտոնական կայքում:
Վերը նշված հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով երկրի բարձր դատարան դիմել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
2021 թ. մարտի 2-ին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ էր Արմեն Սարգսյանին ներկայացրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, Արմեն Սարգսյանը չէր ստորագրել այն՝ հայտնելով, որ առանձին դիմումով դիմելու է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Մինչդեռ շատերը սպասում էին, որ նախագահը կդիմեր ՍԴ՝ վիճարկելու Փաշինյանի ներկայացրած հրամանագիրը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը ուժի մեջ է մտել 2018 թ. հունիսի 21-ին, և այս կարգավորմամբ, ըստ էության, սահմանվում էր, որ բարձրագույն զինվորականին պաշտոնից կարելի է ազատել առանց պատճառի:
ՍԴ-ն այս գործով քննությունը մի քանի անգամ հետաձգել էր, անգամ փոխել էր գործով զեկուցողին: Նախօրեին 168.am-ի հետ զրույցում Արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան, Օնիկ Գասպարյանի շահերի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը նշել էր, որ Օնիկ Գասպարյանին առնչվող գործի քննությունը գործադիրի ազդեցության ներքո է ձգձգվում։