02/11/2021 10:31
Հայ լրագրողները Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարից արծաթե մեդալներով են վերադարձել
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը՝ եզրափակչում զիջելով Մոլդովայի հավաքականին։
Միջոցառմանը, որն անցկացվել է 2-րդ անգամ, այս տարի մասնակցել են 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից, Լիտվիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից և Ադրբեջանից։ Թիմերը բաժանված էին երկու խմբերի, ընդ որում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված էին տարբեր խմբերում։
Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան էր։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն էր։
Հայաստանի թիմը Վրաստան էր մեկնել փոքր կազմով, առաջատար խաղացողներից շատերը կորոնավիրուսի կամ վնասվածքի պատճառով չկարողացան մասնակցել մրցաշարին, և մեր լրագրողները հանդես եկան առանց փոխարինումների։ Խմբային փուլում մեր հավաքականը 1-1 ավարտեց Օդեսայի թիմի դեմ խաղը, ապա 2-1 հաշվով պարտվեց Ղազախստանին։ Վճռորոշ խաղում Հայաստանի թիմը 3-2 հաշվով հրաշքով կարողացավ հաղթել խմբի առաջատարին՝ Վրաստանի թիմին՝ պոկելով հաղթանակը խաղի վերջին վայրկյաններին։
Կիսաեզրափակչում հայ լրագրողները մրցեցին մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Կիևի թիմի հետ՝ համառ պայքարում պոկելով հաղթանակը՝ 4-3։ Իսկ ահա եզրափակչում մեր տղաներին հաջողվեց մոլդովացիներին դիմադրել միայն առաջին խաղակեսում, երկրորդում զգացնել տվեց առանց փոխարինումների խաղը և մոլդովացիների ավելի երիտասարդ կազմը, հենց նրանք էլ հերթական անգամ նվաճեցին հաղթողի կոչումը։
Հայաստանի հավաքականի դարպասապահ Վահե Խաչատրյանը արժանացավ մրցաշարի լավագույն դարպասապահի տիտղոսին։