02/11/2021 13:30
«Միքայելյան» հիվանդանոցի Covid բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 28 քաղաքացի. Արմեն Մուրադյան
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հայաստանում այսօր Covid 19-ից 62 անձ է մահացել։
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դիմել է բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում ու հավատում են իրեն։
«Հավատացեք, մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։
Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը։
Եվ այսպես, եկեք
• սառնասիրտ ու առանց խուճապի կատարենք պատկան մարմինների ցուցումները,
• հետևենք, առաջնորդվենք և ի գիտություն ընդունենք միայն հավաստի մասնագիտական տեղեկատվությանը,
• անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվենք պետական լիազոր մարմնի շուրջ և կատարենք միայն բուժաշխատողների հորդորները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մուրադյանը։
Նա հավաստիացրել է, որ բժիշկները, բուժքույրերը, մայրապետերը իրենց պարտքը կատարում են անմնացորդ և, որ այս անգամ ևս հենց բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կհաղթահարենք մեզ բաժին հասած այս աղետը:
«Գիտեմ, որ մեր բուժաշխատողները իրենց գործի գիտակն են և իրենց մասնագիտական ճանապարհին հաղթահարել են բազմաթիվ ծանր փորձություններ:
Ուզում եմ ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնեմ ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր բուժաշխատողներին…Կեցցեք, դուք:
Բոլորիս առողջություն։
Տեղեկացնեմ նաև, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքում ներկա պահին բուժում է ստանում շուրջ 146 քաղաքացի։
Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 28 քաղաքացի, ծանր վիճակում՝ 48 քաղաքացի։
Հավելեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն 1 քաղաքացի ունենք, ով պատվաստված է», - նշել է Մուրադյանը։