03/11/2021 12:56
Տեղի է ունեցել շփոթմունք. Ավինյանի թեկնածությունը քննարկվում է ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամի, ոչ թե տնօրենի պաշտոնում. Կառավարության պարզաբանումը
Կառավարությունը պարզաբանում է ներկայացրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարության կապակցությամբ։
«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասվում է կառավարության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ Արայիկ Հարությունյանը հարցին, թե կառավարությունում քննարկվո՞ւմ է արդյոք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի» տնօրենի պաշտոնում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը, դրական պատասխան էր տվել։
«Այո, քննարկվում է», - ասել էր նա՝ դա բացատրելով այն հանգամանքով, որ Ավինյանը քաղաքական թիմի անդամ է։