03/11/2021 11:28
Խաղաղապահները մեկ ամսում ապահովել են շուրջ 1000 տարանցիկ մեքենայի և ավելի քան 6800 մարդու անվտանգ տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները մեկ ամիս շարունակ ապահովել են շուրջ 1000 միավոր տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի և ավելի քան 6800 մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ:
«Դիտակետի զինծառայողներն իրենց պատասխանատվության գոտում շուրջօրյա հսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ մեքենաների անվտանգ անցումը անցակետերով։ Հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր մեքենաները ենթակա են զննման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ զննության», - ասել է ՌԴ խաղաղապահ զորախմբի մամուլի քարտուղար Դմիտրի Եմելյանովը։
«Անցյալ ամիս դիտակետում հաշվի են առնվել շուրջ 1000 միավոր տարանցիկ մեքենայի, ինչպես նաև ավելի քան 6800 մարդու երկու ուղղություններով անցումը», - հավելել է նա։
Ընթացիկ իրավիճակը վերահսկելու բոլոր դիտակետերը հագեցած են ժամանակակից արտաքին տեսահսկման գմբեթային տեսախցիկներով:
Ծառայության ընթացքում խաղաղապահ կոնտինգենտի ռուս զինվորականները զինված են «Ռատնիկ» կոստյումներով։ Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան սնուցման սարքերով:
Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով տեղակայված է ռուսական խաղաղապահ ուժերի 27 դիտակետ։ Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։