03/11/2021 10:45
Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով. Ֆինանսների նախարար
2022 թվականիի պետբյուջեի մասին օրենքի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի մասով նախատեսված է մեկ ծրագրի իրականացում, որում ներառված է երկու միջոցառում. առաջարկված ֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 602.5 մլն դրամ, 2021 թվականի հաստատված բյուջեով նախատեսված է եղել 1 մլրդ 601.2 մլն դրամ, ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Ֆինանսավորումը գրեթե նույն ծավալով է, որքան նախատեսված է եղել 2021 թվականի համար», - տեղեկացրեց նախարարը:
Ազգային ժողովի 2022 թվականի պետբյուջեով նախատեսված ծախսերի գումարը, Խաչատրյանի խոսքով, պետք է ֆինանսավորի մեկ ծրագիր, որում ընդգրկված է հինգ միջոցառում: Ֆինանսավորման գումարը նախագծով կազմում է 5 մլրդ 992 մլն դրամ՝ 2021 թվականի հաստատված բյուջեով 6 մլրդ 90 մլն դրամի դիմաց:
«Բյուջեն գրեթե առանց փոփոխության է», - ասաց նախարարը։
Վարչապետի աշխատակազմը 2022 թվականի ընթացքում կիրականացնի 11 ծրագիր, որից երկուսը՝ սփյուռքի գծով: 11 ծրագրում ներառված է 45 միջոցառում:
«Այստեղ ունենք 11 ծրագիր, որոնք 2022 թվականի պետական բյուջեի նախագծում ֆինանսավորելու են 19 մլրդ 675 մլն դրամ ծախսեր՝ 2021 թվականի համար հաստատված բյուջեով 30 մլրդ 24 մլն դրամի դիմաց», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ նվազեցում կա 34.5%-ով:
«Մասամբ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բազմաթիվ ծրագրեր և դրանց կազմում ներառված միջոցառումներ, որոնք նախորդ տարվա ընթավքում իրականացվում էին վարչապետի աշխատակազմի կողմից, 2022 թվականի ընթացքում պետք է իրականացվեն այլ գերատեսչությունների կողմից, մասնավորապես՝ ԲՏԱ նախարարության կողմից», - ասաց Խաչատրյանը: